ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առաջարկվող կրթական բարեփոխումներով նախատեսվող անհատական կրեդիտային համակարգի դրույթը խիստ կարևոր է. Վաչե Գաբրիելյան

Առաջարկվող կրթական բարեփոխումներով նախատեսվող անհատական կրեդիտային համակարգի դրույթը խիստ կարևոր է. Վաչե Գաբրիելյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որն այս պահին դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծով առաջարկվող բարեփոխումներով նախատեսվող անհատական կրեդիտային համակարգի դրույթը համարում է խիստ կարևոր:

«Ուրախ եմ, որ նախագծի վերջնական ձևակերպումներով անխաթար է մնացել կրեդիտային համակարգի կարևորությունը, որն ուսանողներին թույլ է տալիս անհատական համակարգով զարգանալ, ապահովում է ուսանողների շարժունակությունը և հնարավորություն է տալիս ընտրել իր ծրագրի ինտենսիվությունը: Սակայն շատ կարևոր է, թե օրենքի նշված դրույթները կարող ենք իրականացնել միասնական կերպով, թե ոչ: Երբ խոսում ենք անհատական կրեդիտային համակարգի մասին, ապա բոլոր համալսարաններում պետք է գործի գրանցողի գրասենյակը: Այս համակարգը շատ վաղուց գործում էր թղթային տարբերակով, բայց արդեն մի քանի տասնամյակ ամբողջ աշխարհում այն էլեկտրոնային է»,-հայտարարեց Գաբրիելյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Նախկին վարչապետը մատնանշեց Moodle ծրագիրը և նկատեց, որ կարևոր է այն հայաֆիկացնել:

«Եթե այս ենթակառուցվածքները չլինեն, ապա շատ դժվար կլինի նախատեսված փոփոխությունները կյանքի կոչել»,-ասաց նա: Օրինակ, ինչպես նշեց Գաբրիելյանը, որոշ բուհեր ունեն ծրագիր և այն լուծել է հայերեն աշխատանքների գրագողության հարցը: «Եթե սա լինի միասնական, ապա շատ կօգնի բուհերին: Սա ենթակառուցվածք է, որի մասին պետք է մտածել, որոնք հնարավորություն կտան նախաձեռնված փոփոխություններ անելու»,-ասաց նա:

  • Կիսվել: