շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրի փողոցների գիշերային լուսավորության համակարգերն արդիականացվում են

Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրի փողոցների գիշերային լուսավորության համակարգերն արդիականացվում են

Արագածոտնի մարզպետարանի և ՄԱԶԾ-ի համագործակցության արդյունքում արդիականացվում են Արագածոտնի մարզի Զարինջա, Ագարակավան համայնքների, Ալագյազ համայնքի Ավշեն բնակավայրի փողոցների գիշերային լուսավորության համակարգերը:
 
Նախագիծն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից համաֆինանսավորման 80/20 չափաբաժնով, որտեղ նախագծային արժեքի 80 % ներդրումն իրականացնում է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը: ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ներդրումը կազմել է շուրջ 15.000 ԱՄՆ դոլար, իսկ տեղադրման աշխատանքների համար անհրաժեշտ 1 մլն 200 դրամը համայնքների ներդրումն է:
 
Ծրագրի շրջանակում Զարինջա, Ագարակավան և Ալագյազ համայնքներին տրամադրվել է 160 էներգոխնայող լուսատու, որոնցով փոխարինելու են համայնքում առկա լուսավորության ցանցի հնամաշ լուսատուները: Ցանցը լիարժեք համալրելու նպատակով Ագարակավան համայնքին նաև անհրաժեշտ քանակի սյուներ են տրամադրվել:
 
Զարինջա համայնքում լուսատուների տեղադրումն արդեն ավարտվել է, Ագարակավանում և Ավշենում աշխատանքներն ընթացքի մեջ են: «Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

  • Կիսվել: