հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արա Այվազյանը Հնդկաստանի դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ մարզեր Ադրբեջանի ԶՈՒ ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը

Արա Այվազյանը Հնդկաստանի դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ մարզեր Ադրբեջանի ԶՈՒ ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը

Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։

Հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին։ Արա Այվազյանը և Կիշան Դան Դևալը վերահաստատել են երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, ինչը նաև կնպաստի ավելի արդյունավետ դիմագրավելու տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին։

Հանդիպման առանցքում է եղել Հայաստանի սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համատեքստում։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մանրամասն ներկայացրել է մայիսի 12-ից առ այսօր տիրող լարված իրավիճակը, որը զուգորդվում է ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների կողմից սադրիչ գործողություններով։

Հատուկ անդրադարձ է կատարվել մայիսի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպին, ինչի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Արա Այվազյանը բարձր է գնահատել ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը։

  • Կիսվել: