երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ապօրինի ձեռք բերված գույքը, ունեցվածքը վերադարձվելու է պետական բյուջե, սա քաղաքական ուղերձ է․ Լիլիթ Մակունց

Ապօրինի ձեռք բերված գույքը, ունեցվածքը վերադարձվելու է պետական բյուջե, սա քաղաքական ուղերձ է․ Լիլիթ Մակունց

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համարում է 7-րդ գումարման Ազգային ժողովի կարևորագույն նախագծերից մեկը։ «Դրանով մենք վերականգնելու ենք արդարությունը, որի համար մանդատ ենք ստացել եմնք՝ ԱԺ պատգամավորներս, ընդ որում՝ թե իշխանությունից, թե ընդդիմությունից», -այսօր ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Մակունցը։

Այս օրենքը, ըստ իշխանական պատգամավորի, բարեխիղճ օրինապաշտ ու իրենց բիզնես կարողություններով հաջողության հասած քաղաքացիների մասին չէ և իրենց չի առնչվում, նաև չի վերաբերելու ազնիվ ճանապարհով որոշակի կարողությունների հասած քաղաքացիներին։  «Այս օրենքը վերաբերելու է անազնիվ, ապօրինի ճանապարհով ահռելի միջոցներ կուտակած այն անձանց, ովքեր իրենց ունեցվածքը թաքցրել են ուրիշի անվան տակ՝ զոքանչի, քենու, աներոջ անվան տակ։ Ընդ որում՝ դա տեղի է ունեցել տասնյակ տարիներ, բոլորիս աչքի առաջ։ Սա գործիք է, որ նախկինում ապօրինի ճանապարհով ձեռք բերած և հմտորեն թաքցրած, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք բերվածը վերադարձվելու է պետական բյուջե դատարանի որոշմամբ։ Սա քաղաքական ուղերձ է ներկա և ապագա պաշտոնյաներին։ Սա նաև ուղերձ է, որ այն գույքը, որը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, միևնույն է, վերադարձվելու է պետական բյուջե», -հայտարարեց Մակունցը։

Հիշեցնենք՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը կից փաթեթով քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Կառավարությունն առաջարկում է ներդրնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Գույքը կբռնագանձվի, եթե դրա ձեռք բերումը չհիմնավորվի օրինական եկամուտներով։ Գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ այն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, իսկ պատասխանողն էլ չի հերքում գույքի ապօրինի ծագման կանխավարկածը։ Ուսումնասիրության ենթակա գույքի արժեքը հայցի ներկայացման պահին պետք է գերազանցի 25 մլն դրամը:

  • Կիսվել: