չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ապատեղեկատվական հոսքերն աճել են. սա սպառնալիք է ազգային անվտանգությանը. Փաշինյան

Ապատեղեկատվական հոսքերն աճել են. սա սպառնալիք է ազգային անվտանգությանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին հրավիրած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ անդարադարձել է նաև մեծ ծավալով շրջանառվող ապատեղեկատվական հոսքերին, ինչը մտահոգության առիթ է տվել նաև ընդդիմադիրներին: 

 

«Երեկվանից և ոչ միայն երեկվանից, արդեն բավականին երկար ժամանակ բնական լարվածությունների և որոշակի զարգացումների ֆոնին շատ մեծ ծավալներով ապատեղեկատվական հոսքեր են առաջանում և սա իրապես սպառնալիք է ազգային անվտանգությանը ու մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք կառավարում այս իրավիճակը: Շատ կարևոր է, որ այս քննարկմանը ներկա են նաև մեր ընդդիմության հարգելի ներկայացուցիչները, որպեսզի մենք կարողանանք ձևակերպել, թե այս պրոցեսի մեջ ինչպիսի անելիքներ ունենք:

Ուզում եմ շեշտել, որ այդ ինֆորմացիոն ահաբեկչությունն անհանգստացրել է նաև մեր ընդդիմադիր գործընկերներին և ասեմ, որ վաղ առավոտից նաև ընդդիմության ներկայացուցիչներից եմ ստացել զանգեր ու ահազանգեր, և այս կապակցությամբ պետք է շատ կոնկրոտ քայլեր ձեռնարկվեն, ինչը նշանակում է, որ առնվազն որպես օրակարգ մենք սա կարող ենք ձևակերպել որպես ընդհանուր անելիք»,--ասել է Փաշինյանը և հավելել «ինչպե ասում են՝ չկա չարիք առանց բարիքի»:

«Համենայն դեպս, այդ ինֆորմացիոն ահաբեկչությունը, որ երեկ երեկոյանից շատ մեծ ծավալներ ստացավ, կարող է դառնալ այն հենման կետը, որտեղ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները կարող են ընդհանուր անելիքներ ձևակերպել և որոշումներ կայացնել, որոնք չեն ընկալվի որպես ընդդիմության կայացրած որոշում ընդդեմ իշխանության, կամ իշխանության կայացրած որոշում՝ ընդդեմ ընդդիմության: Սա մի հարց է, որի շուրջ մտքեր կփոխանակենք՝ տեսնելու, թե ինչպիսի անելիքներ ունենք այստեղ»,-ամփոփելով թեման ասել է Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: