շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը

Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը եւ պայմանագիր կնքել համայնքապետարանի հետ:

Մրցույթի առարկան Ապարան խոշորացված համայնքի մեջ մտնող նույնանուն քաղաքի եւ գյուղական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումն է: Մրցույթին մասնակցել է 5 ընկերություն, սակայն ամենաէժան տարբերակը՝ 239 մլն դրամի, առաջարկել է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն, որի գլխավոր տնօրեն Կառլեն Սիմոնյանի հետ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը պայմանագիր է կնքել: Պայմանագրի ընդհանուր գինը 287 մլն դրամ է, որը ներառում է 20 տոկոս ԱԱՀ-ն: Չնայած մրցութային փաստաթղթերը հրապարակող armeps.am կայքում պայմանագրի ստորագրման օր է նշված սեպտեմբերի 19-ը, փաստաթուղթը թվագրված է օգոստոսի 19-ով:

Ըստ armeps.am-ի՝ սա «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի երկրորդ պայմանագիրն է, առաջինը կնքվել է այս տարվա հունիսի 17-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ: Դրա առարկան եղել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհի մի մասում միջին նորոգման աշխատանքներ կատարելը: Գինը, ներառյալ՝ հարկերը, կազմել է 368 մլն դրամ:

Իսկ ընդհանրապես 2020 թ. մարտի 18-ին հիմնադրված «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը հասցրել է 16 անգամ հայտ ներկայացնել ՏԿԵՆ-ի, Արթիկի, Աշտարակի եւ Ապարանի համայնքապետարանների հայտարարած մրցույթներին, որոնք բոլորն էլ վերաբերել են ճանապարհների վերանորոգմանը: 16 հայտից միայն 4-ն են դրական գնահատվել, մյուսները մերժվել են, բայց դրական գնահատվածներից էլ 2-ի դեպքում է ՓԲԸ-ն հաղթող ճանաչվել:

«ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն գրանցված է Երեւանի Արտաշիսյան փողոցում: Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, իսկ մինչ այդ՝ 4 ամիս, ղեկավարը եղել է մոսկվացի Տիգրան Խաչիկի Հարությունյանը: ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, 90 տոկոսի բաժնետերը երեւանցի Սվետլաննա Կամոյի Պողոսյանն է, իսկ մնացած 10 տոկոսինը՝ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ Լուսիկ Շահենի Գեւորգյանը: 

  • Կիսվել: