երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անվտանգային ոլորտում միայն մի տեղից կախվածություն կամ կապվածություն ունենալն ինքնին ռազմավարական սխալ է. ՀՀ վարչապետ

Անվտանգային ոլորտում միայն մի տեղից կախվածություն կամ կապվածություն ունենալն ինքնին ռազմավարական սխալ է. ՀՀ վարչապետ

Ի՞նչ է նշանակում լինել անկախ. անկախ նշանակում է ավելի պակաս կախվածություն ունենալ, օրինակ, անվտանգության ոլորտում, կամ անվտանգության ոլորտի քաղաքականությունները դիվերսիֆիկացնել: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` La Repubblica թերթին տված հարցազրույցում:

«Ես մի շատ կոնկրետ օրինակ բերեմ, որը գուցե այդ կոնտեքստով չի խոսվում, բայց մենք բոլորս և նաև Հայաստանի քաղաքացիները, ենթադրում եմ, գիտեն դրա մասին, բոլորը գիտեն, բայց երբ դրա մասին խոսվում է, դա այլ արժեք է ստանում:

Տեսեք, Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ զենքի, ռազմամթերքի ձեռքբերման տրամաբանության մեջ: Բայց այսօր, երբ Ռուսաստանը զենք, զինամթերքի և ռազմամթերքի կարիք ունի, այս իրավիճակում հասկանալի է, որ եթե ուզենա էլ, Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգության կարիքները: Այսինքն՝ այս օրինակը մեզ պետք է ցույց տա, որ անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, դա ինքնին ռազմավարական սխալ է:

Եվ մենք պոստ ֆակտում այդ սխալի դառը պտուղները ճաշակելուց հետո է միայն, որ ինչ-որ շատ աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը, այդ թվում՝ այլ հայացքով նայելով մեր տարածաշրջանին, որովհետև այլ բան է, երբ մենք մեր տարածաշրջանում ապրում ենք հետևյալ տրամաբանությամբ, որ մենք մեր հարևանների հետ անընդհատ կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ ենք, բայց ոչինչ, ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կապահովի: Երբ գալիս է գործնականում ինչ-որ մեկի կողմից մեր անվտանգությունն ապահովելու պահը, պարզվում է, որ ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կամ չի ուզում կամ չի կարողանում ապահովել: Եվ սրանք իրավիճակներ են, որոնց հետ մենք պետք է առերեսվենք:

Այո, և՛ հոգեբանական, և՛ գաղափարախոսական, և՛ աշխարհայացքային, և՛ պատմական շատ դժվար առերեսումներ են տեղի ունենում: Բայց եթե այս առերեսումների միջով ճիշտ չանցնել, դա նշանակում է կորցնել անկախությունը: Ես Ձեր նշած ուղերձում հենց դա եմ նկատի ունեցել: Ես ի վերջո երկար եմ մտածել այդ մասին՝ արդյոք դրա մասին պե՞տք է հրապարակային խոսել, թե՝ ոչ: Բայց ես չեմ տեսել դրա մասին հրապարակային չխոսելու ՕԳԳ-ն:

Եվ, ընդհակառակը, ես տեսնում եմ, որ դրա մասին խոսելը շատ ցավոտ է, բայց առանց դրա մասին խոսելու մենք, իսկապես, կարող ենք մեր անկախությունը կորցնել: Իհարկե, ոչ միայն խոսելու, որովհետև միայն խոսելով չի ստացվի, բայց նաև պետք է խոսել: Ու ես այսպիսի մի բան ասեմ՝ կարծում եմ, ռեֆլեքսիան շատ կարևոր ժանր է և շատ կարևոր գործիք ու բանաձև, որ մենք պետք է անընդհատ ինքնահայեցմամբ զբաղվենք: Եթե պարզվի, որ բարձրացված հարցերն ստանում են նույն պատասխանները, ինչ ունեին հարցը բարձրացնելուց առաջ, շատ ավելի լավ, ուրեմն՝ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել և ամեն ինչ ճիշտ ենք անում: Իսկ եթե կպարզվի, որ նոր իրավիճակում հին հարցն ունի նոր պատասխան, դա արդեն իրավիճակ է, որի հետ մենք պետք է հարաբերվենք»,- ասել է նա:

 

  • Կիսվել: