Անտրամաբանական որոշումներ են կայացվում, ինչպե՞ս մոնիթորինգի տակ վերցնենք. Սուքիասյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ անդամի թեկնածու Անահիտ Աբրահամյանին մի շարք հարցեր ուղղեց՝ խնդրելով ներկայացնել, թե վերջինս դրանց լուծման համար ինչ գործիքակազմ է պատկերացնում:
«Պետությունն ունի կառավարելու տրամաբանություն՝ ինչպես որ տնտեսական, քաղաքացիական, քրեական դատավարության հատվածում: Ուզում եմ մի քանի օրինակներ բերել, որը շատ է վնասում այդ տրամաբանությանը: Տնտեսականով անպատկերացնելի թվերով դատական ակտեր կան, որոնք պետք է հասնեն վերջնական փուլ, չեն հասնում, դատարաններում հետաձգվում են, դրանք մոտավորապես հասնում են 1 միլիարդ դոլարի արժողության հետ առնչվող գույքերի: Այդ մեկ միլիարդը պետք է գեներացիա ապահովի երկրին, պետք է հարկեր վճարվեն»,- ասաց նա:
Սուքիասյանն ընդգծեց՝ անտրամաբանական որոշումներ են կայացվում, որոշում է կայացվում մարդու սեփականությունն ուրիշն էլ օգտագործի:
«Մոնիթորինգ կա՞, որ դատավորը նման որոշում է կայացրել կամ տեսնում ենք, որ դա արհեստական ձգձգում է, պետությանը շատ մեծ վնաս է, ո՞նց անենք, որ դրանք մոնիթորինգի տակ վերցնենք, որպեսզի դրանք արագ լուծվեն»,- ասաց պատգամավորը:
Սուքիասյանը հավելեց. «Քրեական դատավարության մասով ցանկացած որոշում ցանկացած դատավորի կողմից կայացվելուց հետո, շատ արագ տարածվում է քրեական մտածելակերպի վրա, որ այստեղ հեշտությամբ այս մարդը դուրսը մնաց ու այստեղ մարդու մոտ հնարավորություն է առաջանում, որ կարող է ինքն էլ դուրս մնալ կամ ինքն էլ հնարավոր է՝ այդ պատիժը չստանա, սրանք շատ կարևոր են մեր պետության կայացման, զարգացման համար», - հավելեց նա:
ԲԴԽ անդամի թեկնածուն նշեց. «Հայաստանում արդեն գործում է արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, որն էապես թեթևացնելու է և արդեն թեթևացրել է որոշակիորեն, առաջիկայում կտեսնենք դրա արդյունքները»:
Քրեական դատավարության մասին հարցին էլ արձագանքեց. «Դատական դեպարտամենտում գործում է մոնիթորինգի և վերլուծության վարչություն, ամենակարևոր գործիքներից մեկն այն է, որ այս վարչության գործիքակազմը և կարողություներն ուժեղանան»,- ասաց նա ու հավելեց, որ երբ դատական գործերը հասնում են ՄԻԵԴ՝ ՀՀ-ի դեմ կայացրած ամեն որոշում վնասում է հարկատուի գրպանին: «Միայն հարկատուի գրպանին չէ, նաև ՀՀ իմիջն էլ է ընկնում»:
Նա կոչ արեց, որ դատաիրավական համակարգը լինի այն տրամաբանության մեջ, որ ՀՀ քաղաքացիների համար դրա հետ առնչվելիս չսկսեն վերջիններիս դժբախտ օրերը: