ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
«Մեր հոգիները պատերազմի մեջ են». Հայաստանի և սփյուռքի ժամանակակից արվեստը ներկայացվել է Բեռլինում

«Մեր հոգիները պատերազմի մեջ են». Հայաստանի և սփյուռքի ժամանակակից արվեստը ներկայացվել է Բեռլինում

Բեռլինում տեղ է ունեցել հայկական ժամանակակից արվեստին և մշակույթին նվիրված փառատոն: Հետպատերազմյան իրողությունների շուրջ ծավալվող «100 + 10- հայկական այլաբանություններ» խորագրով փառատոնն անցկացվել է Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում: 

Գաղափարի հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Շերմին Լանգհոֆֆն է, ով անմասն չի եղել հայկական խնդիրները ներկայացնելուց Գորկիում իր գործունեության հենց սկզբից՝ 2015 թ-ին այստեղ կազմակերպելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոն։

Ավելի քան մեկ ամիս ընթացող փառատոնի շրջանակներում՝ ժամանակակից արվեստի համաշխարհային կենտրոններից մեկը հանդիսացող Բեռլինում ներկայացվել են Հայաստանի, ԼՂ-ի և սփյուռքի, ինչպես նաև օտարերկյա արվեստագետների գործերը, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանության, արցախյան պատերազմների հետևանքների և հայկական արդի փորձառությունների մասին։ 

Թատրոն, տեսողական արվեստ, կինո և գրականություն ներառող փառատոնի լայնամասշտաբ ծրագրում ներկայացվել են նաև համերգներ, բանախոսություններ, և զրույց-քննարկումներ՝ արվեստագետների կողմից: Ավելի քան 150 արվեստագետների շարքում են եղել Տիգրան Համասյանը, Ատոմ Էգոյանը Արսինե Խանջյանը, Իննա Սահակյանը, Ռոզա Սարկիսյանը, Նորա Մարտիրոսյանը, Աստղիկ Մելքոնյանը, Սիլվինա Դեր-Մգրդիչյանը, Սոնա Աբգարյանը, Կարեն Միրզոյանը, Նազիկ Արմենակյանը, Շողակաթ Վարդանյանը, Սամվել Թադեւոսյանը և այլ հայ արվեստագետներ: Որպես համադրողներ աշխատել են Շերմին Լանգհոֆֆը,  Վիգեն Գալստյանը (Երեւան) և Անահիտ Բագրադյանցը(Բեռլին): 

Փառատոնի ցուցահանդեսային բաժնի և կինոծրագրի համադրող, Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանի կարծիքով՝ փառատոնը մերօրյա արդի հայկական մշակույթի ամենամեծ ներկայացումն էր Գերմանիայում` վերջին 10 տարվա ընթացքում: 

«Այս փառատոնի նախադեպը եղել է 10-ը տարի առաջ` Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված, դարձյալ Մաքսիմ Գորկի թատրոնում: Սա փորձ էր` տեսնելու, թե ինչ առաջընթաց ունի ժամանակակից հայկական արվեստը, ուր ենք հասել 10 տարի անց` հատկապես հետպատերազմյան իրադարձություններից հետո: Այն կարևոր էր նաև քաղաքական ասելիքի տեսանկյունից, քանի որ կենտրոնացած էր 2020 թվականի արցախյան պատերազմի և հետագա իրադարձությունների վրա»,-ասել է Վիգեն Գալստյանը:

Հայ ժամանակակից արվեստին նվիրված՝ «Ապագա ապառնի. Հայկական արվեստ հետևանքներից» ցուցահանդեսում ընդգրկված են եղել 37 արվեստագետի ավելի քան 70 աշխատանք։ Դրանց թվում էին նաև Հայաստանի ազգային պատկերասրահի գանձերը` Արշակ Ֆեթվաճյանի` Խորանաշատի, Անիի, Արցախի, Գանձակի ճարտարապետական փառահեղ կոթողների, եկեղեցիների ու տաճարների, բերդերի ու պարիսպների վավերագրական ճշգրտությամբ արված մատիտանկարները:

«Հիմնականում երիտասարդ հեղինակների գործեր էին ցուցադրված, բացառությամբ Արշակ Ֆեթվաճյանի: Նրա գործերն ասես պատմական խարիսխ էին դարձել, դրանց միջոցով ցույց էինք տալիս՝ ինչպես է արվեստը դառնում պայքարի, դիմադրության և շարունակականության միջոց»,- նշում է Վիգեն Գալստյանը:  

«Մեր հոգիները պատերազմի մեջ են»՝ գրված է եղել ցուցահանդեսում ընդգրկված արցախցի արվեստագետ Լառա Մուսաելյանի աշխատանքներից մեկում: Ցուցահանդեսի համադրող. Վիգեն Գալստյանը նշել է.

«Իմ խնդիրն էր ներկայացնել, թե ինչպես է նոր սերունդը տեսնում իրեն շրջապատող իրականությունը` հատկապես 2020-ի և 2023-ի ողբերգական իրադարձություններից հետո, սակայն շեշտադրվում էր ոչ թե ողբերգությունը կամ զոհ լինելու հանգամանքը. նպատակն այլ էր` այսօրվա հայկական մշակույթը ներկայացնել կենսունակ, ուժեղ, ընդունակ խոսելու  ժամանակակից լեզվով և ունակ հարաբերվելու միջազգային խնդիրների հետ: Առաջին պլան էր մղվում ոչ թե հայկականության խնդիրը, այլ այն, թե ինչպես է Հայաստանում և աշխարհով մեկ սփռված հայը տեսնում և ընկալում ժամանակակից մարդուն, ինչպես է դիրքավորվում ճգնաժամային իրավիճակներում և ինչ տեսլական ունի ապագայի մասին»:

Վիգեն Գալստյանը կարևոր է համարում, որ բազմամարդ փառատոնի բազմամշակութային և կոսմոպոլիտ հանդիսատեսն ընկալել է ասելիքը, հետաքրքիր երկխոսություն է ձևավորվել:

«Ամենակարևոր արձագանքն այն էր, որ ներկայացվածը ընկալվեց ոչ թե որպես ներփակված, համաշխարհային մշակույթի զարգացումներից դուրս, մեկուսացած մի լուսանցքային երևույթ, այլ՝ ժամանակակից արվեստի լեզվով շարադրված ասելիք: Շեշտադրված չէին միայն հայկական միջավայրին հատուկ խնդիրները: Արվեստագետները այսօրվա մարտահրավերների մասին խոսում էին դիմադրության, պայքարի լեզվով, ինչն ակտուալ է ամբողջ աշխարհում, անդրադառնում էին արվեստի ազդեցությանը` այսօրվա մարտահրավերներին: 

Ժամանակակից արվեստի կենտրոններից մեկը համարվող Բեռլինում արվեստը կրկին ապացուցեց որ այն միասնություն և փոխըմբռնում ձևավորող թերևս ամենակարող և արգասաբեր տարածքն է»,- ընդգծել է Վիգեն Գալստյանը: 

 

  • Կիսվել: