ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աննա Գրիգորյանն ու Թագուհի Թովմասյանը հանդիպել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչներին

Աննա Գրիգորյանն ու Թագուհի Թովմասյանը հանդիպել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչներին

ԱԺ պատգամավորներ  Աննա Գրիգորյանն ու Թագուհի Թովմասյանը ԱՄՆ-ում  հանդիպել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ANCA կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, Կառավարության հարցերով տնօրեն Թերեզա Յերիմյանի և Հաղորդակցության տնօրեն Էլիզաբետ Չուլդյանի հետ։ Այս մասին հայտնում է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Քննարկել ենք Հայաստանի և Արցախի գլխին կուտակված օրհասական խնդիրները և առկա անվտանգային և արտաքին քաղաքական սպառնալիքները։ Մեր հայրենակիցներին ներկայացրել ենք Արցախ կատարած այցիս տխուր պատկերը, փաստեր Հայաստանի և Արցախի սահմանային իրավիճակի մասին։

Խոսել ենք սփյուռքահայության գործունեության և խնդիրների, Հայաստան-Արցախ-Սփյուռք անքակտելի կապի ամրապնդման և համազգային եռակողմ օրակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին։ ԱՆգնահատելի է սփյուռքահայության՝ Հայ Դատի դերը Արցախին ու Հայաստանին աջակցելու, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները զսպելու, Արցախի ազատ ինքնորոշման իրավունքի և ապահով սահմաններով անկախության հասնելու, Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացման շուրջ աշխատանքներ իրականացնելու և հումանիտար աջակցության գործում։ Քննարկել ենք նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցման և Արցախին տրամադրվող օգնության դադարեցման պատճառների և հնարավոր լուծումների մասին հարցը։

Ինչպես նաև քննարկման առարկան հայոց ցեղասպանության ոգեկոչումը և ցեղասպանության հետևանքների վերացումն էր։ Երկուստեք մտահոգություններ ենք հայտնել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու այսպես կոչված գործընթացի առթիվ , քանի որ շուրջ մեկ դարից ավել է աշխարհի հայության առաջնային խնդիրը եղել է ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, և բոլոր ջանքերը ուղղված են եղել դեպի այդ նպատակը։ Իսկ 1915թ․-ից հետո այսօր առավել քան արտահայտված է Թուրքիայի հովանավորչությամբ Անդրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, և այս պայմաններում, կարծում եմ, խաղաղության օրակարգերը կեղծ են»,- գրել է Թագուհի Թովմասյանը։

  • Կիսվել: