չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թագուհի Թովմասյանը Միջազգային կառույցներին է ուղարկելու Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության սղագրությունը

Թագուհի Թովմասյանը Միջազգային կառույցներին է ուղարկելու Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության սղագրությունը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կասեցված լիազորությունները դադարեցվեցին, և սա հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ Ռուբեն Վարդազարյանի կողմից Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի հայտնի ձայնագրության հրապարակման հետ, գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն՝ ընդգծելով, թե այս փաստը և առհասարակ ձայնագրության բովանդակությունը խիստ մտահոգիչ է։

«Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը միայն քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության տարրեր չէ, որ պարունակում է: Ձայնագրությունը ՀՀ քաղաքացիների և առհասարակ բոլորի մոտ տպավորություն ստեղծեց, որ Հայաստանում արդարադատությունը իրականացվում է ոչ թե դատարանում, այլ «հացի սեղանի շուրջ», և նման «դատավարության» լեզուն էլ ոչ թե հայերենն է, այլ քրեական ենթամշակույթին հարիր ժարգոնը` համեմված տարբեր անձանց հասցեին հնչող հայհոյանքներով:

Իհարկե դժվար է ասել, թե այս երկու հանգամանքներից ժողովրդավարության ուղին բռնած հասարակության համար որն է ավելի վտանգավոր:

Այս իրավիճակում, ցանկացած քիչ թե շատ ժողովրդավարական պետության պատկան մարմինների համար սուրբ պարտականություն պետք է լիներ ոչ միայն քրեական արդարադատության միջամտությանը վերաբերող գործի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունն ու մեղավորներին պատժելը, այլ նաև հասարակության մոտ այն համոզման արմատավորումը, որ արդարադատության իրականացումը, ինչպես դա պահանջում է ՀՀ Սահմանադրությունը, իրականացվում է միայն դատարանում, այլ ոչ թե «հացի սեղանի շուրջ» կամ օրենսդրությամբ չնախատեսված այլ վայրում:

Միջազգային կառույցներին եմ ուղարկելու ձայնագրության սղագրությունը և գործընկերներիցս գնահատականներ եմ խնդրելու այն մասին, թե ինչպես կարող է իրեն ժողովրդավար հռչակած երկրում Բարձրագույն դատական խորհուրդը միջամտել որևէ մեկի քրեական գործին, քաղաքական նկատառումներից ելնելով սպառնալ վերջինիս, և այս ամենի նպատակը լինի բացառապես քաղաքական իշխանության պահպանումը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ուշադրությամբ հետևելու եմ այս գործի քննությանը: Արդար դատաքննության իրավունքը ոչ միայն պետք է երաշխավորվի գործնականում, այլ նաև այն պետք է տեսանելի լինի հասարակության համար»,- մասնավորապես ասվում է Թովմասյանի գրառման մեջ։

  • Կիսվել: