շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անկախություն ու պետականություն կորցնելու լուրջ վտանգի առաջ ենք հիմա կանգնած. ԱԱԾ նախկին տնօրեն

Անկախություն ու պետականություն կորցնելու լուրջ վտանգի առաջ ենք հիմա կանգնած. ԱԱԾ նախկին տնօրեն

Մենք անկախություն ու պետականություն կորցնելու լուրջ վտանգի առաջ ենք հիմա կանգնած, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ իրենք բոլոր հնարավոր տարբերակներով շարունակում են պայքարն այդ ընթացքը կանգնեցնելու համար։

«Այսօր հիմնական գործիքակազմում նաև պատգամավորի մանդատն է և խորհրդարանը, վաղը այս գործիքակազմի առաջնահերթությունները կարող են փոխվել։ Ես հասկանում եմ, որ հանրության մի ստվար զանգված դժգոհ է ընդդիմությունից, մեր որոշ հայրենակիցներ ավելի վճռական քայլերի են սպասում, բայց ես ուզում եմ նաև, որ մենք օբյեկտիվ գնահատենք մեր վիճակն ու այսօր առկա հնարավորությունները։ Մեզ իրենց քվեն տված ՀՀ քաղաքացիները մեզ ընտրել են, որ դուրս քշենք Փաշինյանին ու այս ապաշնորհ թիմին։ Մենք չենք մոռացել մեր առաքելությունը, մենք աշխատում ենք մեր ձեռքին եղած բոլոր միջոցներով», - նշել է Վանեցյանը։

Վերջինիս պնդմամբ՝ մենք հանրության ներսում մեծ երկխոսության կարիք ունենք։

«Ի՞նչ ենք մենք հիմա ուզում՝ որպես հանրություն, որպես ժողովուրդ։ Մենք պիտի հասկանանք ապագայի մեր տեսլականը, ազգովի հասկանանք։ Հետո այդ տեսլականը կյանքի կոչելու մեթոդներն ավելի հեշտ կլինի ընտրել։ Ես իմ և իմ թիմի անունից կարող եմ ասել, որ մենք չենք հանձնվելու և շարունակելու ենք պայքարը», ասել է ընդդիմադիր գործիչը։

Վանեցյանը նշել է, որ այսօր առկա արտագաղթի տեմպը համեմատության մեջ է 90-ականներին արձանագրված ցուցանիշի հետ:

«Հիշում ենք՝ ինչ մարդկային ու մասնագիտական մեծ ռեսուրսների կորուստ ունեցանք այն ժամանակ: Ցավոք, մտավախություն ունեմ, որ մենք այսօր նորից բախվել ենք այդ մարտահրավերին: Ի՞նչ է անում պետությունն այս ուղղությամբ՝ ոչինչ, ավելի ճիշտ անում է քայլեր՝ խթանող արտագաղթի ծավալները։ Ես ավելին ասեմ, այսօր մենք ականատես ենք լինում Ռուսաստանից, Ուկրաինայից մեծ թվով մարդկանց Հայաստան տեղափոխվելու գործընթացին՝ պայմանավորված ուկրաինական զարգացումներով: Ես անկեղծորեն չեմ բացառում, որ հետագայում այս իշխանությունները կփորձեն արտագաղթի վիճակագրություն էլ խեղաթյուրել՝ օգտագործելով այսօր Հայաստան տեղափոխվողների թիվը: Ես անգամ սա չեմ բացառում», - ասել է Վանեցյանը:

Անդրադառնալով արտագաղթի պատճառներին՝ վերջինս Հայաստանում և Արցախում այսօր առկա անվտանգային լրջագույն խնդիրներին հավելեց մի շարք այլ պատճառներ՝ սկսած մարդու իրավունքների խայտառակ վիճակից մինչև սոցիալ-տնտեսական խնդիրներ։ «Ապօրինի ձերբակալությունները, քաղաքական հետապնդումներն այս իշխանությունների ձեռագիրն են, դրա մասին մենք առիթ ունեցել ենք բավական մանրամասն խոսելու։ Անմխիթար վիճակում է այսօր մեր դատաիրավական համակարգը. պարզապես խայտառակություն է դատավորին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար հետապնդման ենթարկելը։ Մենք ժողովրդավարության առումով արագ տեմպերով հետ ենք գլորվում, և սա փաստ է», - ասել է Վանեցյանը։

Ընդդիմադիր գործիչը կարևորել է նաև տնտեսական խնդիրները՝ գնաճից ու թանկացումներից մինչև ներդրումային սպառված գրավչություն, արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականության բացակայություն, բիզնես անորոշություն, պետության կողմից կարճաժամկետ որոշումների ընդունում և այլն:

 «Մի բան հստակ է՝ կառավարման մինիմալ ունակություն չունեցող այս իշխանությունը չի կարող որևէ իրական արդյունքի հասնել ճգնաժամային կառավարման հարցում։ Իսկ մենք փաստենք, որ այսօր մեր երկիրը ճգնաժամի մեջ է, որին էլ, ի դեպ, մեզ հասցրել է նույն այս իշխանությունը», - նշել է Վանեցյանը։

  • Կիսվել: