շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև ՀՀ-ի ընդունած այլ փաստաթղթերում․ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև ՀՀ-ի ընդունած այլ փաստաթղթերում․ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում, «Ազատությանն» ասել է Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը։ Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը ռադիոկայանի թղթակից Ջոշ Կուչերայի հետ զրույցում պնդել է՝ այդ հարցերը բազմիցս են բարձրացվել հայկական կողմի հետ շփումներում։

«Այո, բազմաթիվ անգամներ մենք հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրել այդ փաստերին՝ մեր դեմ առ դեմ հանդիպումներում, ինչպես նաև փաստաթղթերի փոխանակման ժամանակ», - ասել է նա՝ մատնացույց անելով կոնկրետ փաստաթղթեր։ Օրինակ՝ այն վերապահումները, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացնելիս։

1992 թվականին Գերագույն խորհուրդը 10 վերապահում էր ընդունել։ Դրանցից մեկն, օրինակ, առաջարկել էր միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հոդվածը վերաշարադրել ու տեքստում ամրագրել նաև ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը։

Ավելի քան 30 տարի առաջ ընդունված այս փաստաթղթից բացի Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Ամիրբեկովը որպես խնդրահարույց օրինակ նշել է նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված վերջին հայցերը, պնդելով, թե դրանցում էլ են եղել տարածքային նկրտումներ։

«Հայկական կողմն ընդունում է, որ սա է իրականությունը, բայց ոչինչ չի արվում այդ փաստերը մեղմելու համար», - ասել է նա։

Հայաստանի արտգործնախարարությունը մերժել է այս մասին հարցերին պատասխանելու «Ազատության» խնդրանքը։ Մինչ այդ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռադիոկայանին տված հարցազրույցում չէր հերքել, որ այս թեմաներով քննարկումներ եղել են և դեռ կլինեն:

«Հարցեր են ներկայացրել, որոնք կողմերը համարել են խնդիրներ: Մենք էլ, համապատասխանաբար, նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», - ասել էր նախարարը:

Վերջին ամիսներին Բաքուն հրաժարվում է Վաշինգտոնի ու Բրյուսելի միջնորդությամբ հանդիպումներից, նաև դադարել է ընդունել ամերիկացի ու եվրոպացի դիվանագետներին, որոնք փորձում են առաջ տանել բանակցային գործընթացը։ Հունվարին ամերիկացի բանագնաց Լուիս Բոնոն այցելեց Երևան, բայց չգնաց Բաքու, տեղի լրատվամիջոցներն անգամ գրեցին, թե Ադրբեջանը մերժել էր նրան հրավիրել։ Շաբաթներ անց էլ Եվրամիության բանագնաց Տոյվո Կլաարը եղավ Երևանում, բայց այդպես էլ չայցելեց Բաքու։

Հայաստանի արտգործնախարարն անցած ամիս ցավով խոսեց Ադրբեջանի այդ դիրքորոշման մասին, միաժամանակ պնդեց, թե կարևորը ոչ թե միջնորդներն են, այլ՝ գործընթացի հիմքում ընկած սկզբունքները։

«Այս համատեքստում կցանկանայի կրկին ընդգծել, որ դրանք են տարածքային ամբողջականությունը, սահմանների ճանաչումը և անքակտելիությունը, ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը», - ասաց Միրզոյանը:

Որքանո՞վ է Բաքուն հանձնառու պահպանել այս սկզբունքները և արդյոք անկե՞ղծ է խաղաղության շուրջ բանակցություններում․ սա ամենաբարդ հարցն է, ընդունում է ղարաբաղյան հակամարտությանը արդեն մի քանի տասնամյակ հետևող՝ Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը։

«Արդյոք լո՞ւրջ է Ադրբեջանն այս գործընթացում, թե՞ սա ուղղակի մեկ այլ ձև է՝ թղթի վրա վավերացնելու այն, ինչ Ադրբեջանն ուզում է՝ օդի մեջ պահելով ուժի գործադրման սպառնալիքը։ Այս հարցին պատասխանելն ամենաբարդն է», - ասում է դը Վաալը։

Թեև վերջին օրերին, հատկապես՝ Ադրբեջանում ավարտված նախագահական ընտրություններից հետո, կարծիքներ են հնչում, թե Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները շուտով կվերսկսվեն արևմտյան հարթակներում, Բաքվի հատուկ հանձնարարություններով դեսպանն «Ազատությանն» ասել է՝ Հայաստանն ու Ադրբեջանը բավականաչափ հասուն են՝ մինչ օրս չհամաձայնեցված հարցերն ինքնուրույն լուծելու համար։

Նույնն էր պնդել նաև Իլհամ Ալիևը անցած ամիս տված հարցազրույցում՝ ընդգծելով. - «Սա մեր երկու երկրներին վերաբերող հարց է, և մենք ինքնուրույն պետք է այն լուծենք»։

Արևմուտքում ընդգծում են, թե առաջընթաց ու դրական են համարում երկկողմ բանակցությունները։ Արևմտյան դիվանագետներից մեկը՝ անանուն մնալու պայմանով, «Ազատության» հետ զրույցում նշել է. - «Կարծում եմ՝ անցած դեկտեմբերի ձեռք բերված համաձայնությունը՝ գերիների փոխանակման վերաբերյալ, էական էր և իսկապես ցույց է տալիս մեզ, որ թերևս կուլիսներում ավելի շատ քննարկումներ են ընթանում, քան կողմերը հայտարարում են հրապարակավ»։

Բարձրաստիճան դիվանագետը միաժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանում այս շաբաթ տեղի ունեցած նախագահական վերջին ընտրություններից հետո Բաքուն կվերադառնա բանակցային սեղան՝ Վաշինգտոնի կամ Բրյուսելի միջնորդությամբ։

Փորձագետները, սակայն, թերահավատ են։ «Այս ձևաչափը բխում է Ադրբեջանի շահերից՝ Բաքվին առավել ձեռնտու է օտարներին հեռու պահել», - նշում է Թոմ դը Վաալը։

Փորձագետը միաժամանակ փաստում է՝ այս պահին դա է մնացել միակ գործող ձւաչափը, «եթե դա չաշխատի, մենք լուրջ խնդրի առջև կկանգնենք», - ասել է նա։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահը երկու օր առաջ տեղի ունեցած հաղթական ընտրություններից հետո՝ այսօր պաշտոնավարման հինգերորդ ժամկետը սկսել է ռազմական կառույցներ այցելելով։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ալիևը որդու՝ կրտսեր Հեյդարի ուղեկցությամբ այցելել է ռազմաօդային ուժերի օբյեկտներ և հետևել ադրբեջանական բանակի զինանոցը վերջերս համալրած թուրքական անօդաչուների թռիչքին, գրում է Ազատությունը:

  • Կիսվել: