երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Միրզոյանը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձել են Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցին

Միրզոյանը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձել են Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցին

Ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ արձանագրում, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա Ձեր չորրորդ այցն է Հայաստան, իսկ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի կարգավիճակում՝ երկրորդը: Այդ մասին հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների շրջանակում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսքն ուղղելով Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:
 
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
«Երկխոսության այսպիսի դինամիկան վկայում է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև բարձր մակարդակի հարաբերությունների ու սերտ համագործակցության մասին, իսկ այսօր՝ մեր երկրի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի շրջանում տեղի ունեցող այցը դիտվում է որպես կազմակերպության կողմից համերաշխության և աջակցության ուղերձ։
 
Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության խորացման Հայաստանի հանձնառության դրսևորումներից է նաև 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու պաշտոնական հայտի ներկայացումը, և մենք ակնկալում ենք կազմակերպության դրական արձագանքը: Վստահ եմ՝ դրանք բացառիկ հնարավորություն կարող են ընձեռել միջազգային ֆրանկոֆոն համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին՝ խաղաղության, մարդու իրավունքների և միասին ապրելու արժեքների շուրջ համախմբելու նպատակով։
 
Բացի մեր երկրի և ՖՄԿ միջև արդյունավետ համագործակցությունից, ստեղծված իրավիճակում պետք է ընդգծեմ կազմակերպության կողմից Հայաստանի հետ համերաշխության կարևորությունը և մասնավորապես ս.թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ Ձեր՝ տիկի՛ն Մուշիկիվաբո, հստակ ու հասցեական արձագանքը։
 
Այո՛, այդ արձագանքը կարևոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և դրա նախապատրաստման քաղաքականությանը հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու և մերժելու համար, այլ նաև հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար: Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով՝ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը: Միաժամանակ, դա ի ցույց դրեց տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը:
 
Հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ մենք ընդգծում ենք տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով բազմիցս ենք շեշտել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին ամենաթարմ քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։
 
Հավելեմ, որ մեր այսօրվա քննարկումներում անդրադարձել ենք նաև Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի 100-ավոր հայկական եկեղեցիների, ամրոցների պաշտպանության ապահովման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությանը»:

  • Կիսվել: