ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամրապնդվեց գիտակցումը, որ ՀՀ-ՌԴ դաշնակցությունը բխում է թե՛ ՌԴ, թե՛ ՀՀ ռազմավարական շահերից. ՌԴ դեսպան

Ամրապնդվեց գիտակցումը, որ ՀՀ-ՌԴ դաշնակցությունը բխում է թե՛ ՌԴ, թե՛ ՀՀ ռազմավարական շահերից. ՌԴ դեսպան

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Օրբելի» կենտրոնին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերություններին, առևտրատնտեսական և հումանիտար-մշակութային համագործակցությանն ու այլ հարցերի: 

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շեմին երկու երկրների միջև փոխհարաբերության մասին խոսելով` դեսպանը նշել է, որ անցած տարիներին երկու երկրները կարողացել են հասնել միջպետական հարաբերությունների տպավորիչ ճարտարապետական կառուցվածքի, որի հիմքում ավելի քան 200 պայմանագիր է ու համաձայնագիր: 

«Ավանդաբար մեր փոխհարաբերություններում հատուկ տեղ է զբաղեցնում անվտանգության ոլորտը: ՀՀ անվտանգության ապահովման կարևոր գործոններից մեկը շարունակում են մնալ ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները, որ զինակից հայ եղբայրների հետ իրականացնում են ՀՀ սահմանների պաշտպանություն: Գործում է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին միջպետական համաձայնագիրը: Մեր երկրները ՀԱՊԿ անդամներ են և միասին աշխատում են այս բազմակողմ ինստիտուտի հետագա զարգացման ուղղությամբ: Այսօր ՌԴ-ն Հայաստանին ակտիվորեն աջակցում է նաև ԶՈւ վերափոխման հարցում: 

Անվտանգության ոլորտում համագործակցությունը ստատիկ չէ. այն զարգանում է, ընդ որում` այնպես, որ մեր երկրների ներուժն առավելագույնս հարմարեցվի նոր իրողություններին ու մարտահրավերներին»,- ասել է նա:

Բացի հումանիտար-մշակութային կապերից, ըստ դեսպանի` ակտիվորեն զարգանում էին նաև երկկողմ տնտեսական հարաբերությունները: Նրա խոսքով` այսօրվա դրությամբ ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ գլխավոր առևտրային գործընկերն ու ներդրողը: 

«Գլխավորն, իմ կարծիքով, այն է, որ անցած 30 տարիները երկու երկրների մոտ միայն ամրապնդեցին գիտակցումը, որ մեր բարեկամությունը, դաշնակցությունը բխում են ինչպես ՌԴ, այնպես էլ ՀՀ ռազմավարական շահերից»,- նշել է դեսպանը:

Հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին անդրադառնալով` Կոպիրկինն ասել է.

«Մեր հարաբերությունների ներկա վիճակը ես կդիտարկեի այն ծանր փորձությունների պրիզմայով, որոնց մեր երկրները բախվեցին նախորդ տարի: Կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով այդ տարին ճգնաժամային դարձավ ամբողջ աշխարհի համար: Երբ համավարակի հետ բախվեց Հայաստանը, ՌԴ-ն առաջին երկրներից մեկն էր, ով թիկունք դարձավ ՀՀ-ին: Վարակի տարածման առաջին իսկ օրերից մեր կառավարությունները, առողջապահության ոլորտի պատասխանատուները մշտական կապի մեջ են: Ռուսական կողմը գործնական աջակցություն է ցուցաբերել»,- ասել է դեսպանը` հիշեցնելով, որ հայ գործընկերներին թեստեր են տվել, ինչպես նաև «Սպուտնիկ V» պատվաստանյութի ավելի քան տասնյակ հազարավոր չափաբաժիններ: 

  • Կիսվել: