կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամփոփվել են ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքները

Ամփոփվել են ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ I» տեխնիկական աջակցության ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին և տեխնիկական աջակցության ծրագրային թիմին՝ ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած պատրաստակամության, ներդրված ջանքերի, արդյունավետ համագործակցության, ինչպես նաև դրական արդյունքներ գրանցելու համար:
 
Կարեն Կարապետյանը ներկայացրել է տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում՝ դատաիրավական ոլորտում իրականացրած միջոցառումները, որոնք ներառել են ճանաչողական այցեր եվրոպական երկրներ՝ իրավունքի գերակայության, դատարանների գործունեության կազմակերպման վերաբերյալ լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով, ինչպես նաև նախարարության տարբեր ստորաբաժանումների կարողությունների զարգացման վերաբերյալ վերապատրաստումներ՝ բյուջեի կառավարման, ծրագրերի մշտադիտարկման ու գնահատման մեթոդաբանությունների վերաբերյալ և այլն:
 
Բարձր են գնահատվել նաև զարգացման գործընկերների հետ համակարգման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ արդարադատության երկխոսության հանդիպումները, որոնք միտված են ներկայացնելու և ամփոփելու Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, գրանցած արդյունքները: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ 2023 թ. դեկտեմբերի 7-ին ուժի մեջ է մտել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ Կառավարությանը՝ իրականացնելու արդարադատության ոլորտի բարեփոխումային օրակարգը:
 
Միջոցառման ընթացքում տեխնիկական աջակցության ծրագրային թիմը ներկայացրել է նաև ծրագրի ընթացքում շահառու հաստատություններին տրամադրվող աջակցության և համատեղ համագործակցության արդյունքում գրանցած համատեղ ձեռքբերումները:
 

  • Կիսվել: