ԱՄՆ-ը՝ TRIPP-ի մասին․ երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան
«TRIPP երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով, ամրապնդի տարածաշրջանային ինտեգրումն ու Արևելք–Արևմուտք ուղղությամբ տրանսպորտային կապերը, ինչպես նաև փոխադարձ տնտեսական օգուտ և բարեկեցություն ստեղծի Ադրբեջանի ու տարածաշրջանի համար»։
Հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել, և առաջիկա տարում այս գործընթացը միայն կարագանա»,– ասել է ամերիկացի դիվանագետը։
Քարլոնն անդրադարձել է նաև ԱՄՆ–Ադրբեջան ռազմավարական գործընկերությանը։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել։
Նրա խոսքով՝ այս գործընթացը շարունակվել է ընթացիկ տարվա փետրվարին, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Բաքու կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևի հետ ստորագրել է ԱՄՆ–Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիան։
Քարլոնը հայտնել է, որ դրանից հետո կողմերը սկսել են աշխատանքը ռազմավարական գործընկերության իրականացման ուղղությամբ, իսկ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարձրաստիճան փոխադարձ այցերի թիվն ավելացել է։
Դիվանագետը նշել է, որ հունիսին ստորագրվել է կրիտիկական նշանակության օգտակար հանածոների ոլորտում համագործակցության վերաբերյալ նոր փոխըմբռնման հուշագիր, առաջին անգամ անցկացվել է ԱՄՆ–Ադրբեջան տնտեսական երկխոսությունը, իսկ ամերիկյան ընկերությունները կնքել են միլիարդավոր դոլարների առևտրային և ներդրումային համաձայնագրեր։
«Մենք դեռ նոր ենք սկսում աշխատանքը։ Առջևում դեռ շատ աշխատանք կա»,– ասել է Քարլոնը։
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ցույց է տվել Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը ԱՄՆ-ի նվիրվածությունը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր արձանագրած առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ մենք աշխատում ենք միասին։ Վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր երկրները համատեղ ջանքերով կհասնեն ևս բազմաթիվ կարևոր հանգրվանների»,– հավելել է Քարլոնը։



