ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ը կշարունակի Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը. պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ-ը կշարունակի Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը. պետքարտուղարի տեղակալ

Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ տեղակալ Ուզրա Զեան ցավակցություն է հայտնել Արցախյան հակամարտության ընթացքում եղած զոհերի կապակցությամբ՝ փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է լիովին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ, համապարփակ, քաղաքական և կայուն կարգավորմանը հասնելու նպատակին, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Ամերիկացի դիվանագետը կարևորել է Նյու Յորքում Մինսկի խմբի հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ որպես խաղաղ գործընթացի վերսկսման առաջին քայլ:

«Հավաստիացնում եմ, որ մենք կշարունակենք զբաղվել իրական երկխոսության հաստատմամբ, որը կհանգեցնի հակամարտության հետ կապված և դրա հետևանքով բոլոր չկարգավորված խնդիրների լուծմանը: Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք երկկողմ ջանքերը՝ ուղղված մնացած բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանը: Երկու կառավարություններին էլ հորդորում ենք հետաքննել մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ մեղադրանքները՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Զեան:

  • Կիսվել: