ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը վիճաբանել է «Լուրերի» լրագրողի հետ (տեսանյութ)

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը վիճաբանել է «Լուրերի» լրագրողի հետ (տեսանյութ)

Երեկ առցանց բանավեճ է ծագել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանի և Առաջին ալիքի թղթակցի միջև։

Նյու Յորքի Ռոտարի ակումբի` Զում ծրագրով կազմակերպված հանդիպմանը Էլին Սուլեյմանովը սկզբում երկար գովաբանել էր Ադրբեջանը, նշել նավթարդյունաբերության ոլորտի ավանդույթների մասին, ապա մեղադրել Հայաստանին Տավուշի ուղղությամբ վերջին լարվածության համար։

Մեր լրագրողը նախ հարցրել է, թե արդյոք Ադրբեջանում տեղյակ են այն հսկա ներդրումի մասին, որ Ապշերոնյան նավթային բիզնեսի զարգացման գործում պատմականորեն ունեցել են հայերը, ապա հետաքրքրվել, թե ինչու Ադրբեջանի կառավարությունը չի համաձայնվում տեղորոշիչ սարքեր տեղադրել սահմանի երկայնքով, որպեսզի հնարավոր լինի տեխնիկապես արձանագրել հրադադարի խախտման դեպքերը։ Հատկապես որ, հայկական կողմը համաձայնել է, իսկ ամերիկյան կառավարությունն աջակցում է այս ծրագրին։

Մեր գործընկեր Հայկարամ Նահապետյանը նշել է, որ ադրբեջանական պնդումները հերքող հայկական տեսագրություններ կան, և հենց այդպիսի բանավեճից խուսափելու համար հարկավոր է սահմանին արձանագրող սարքեր ունենալ։ Հանդիպումը վարողն ընդհատել է բանավեճը և խոսք բացել չեզոք թեմաներից։

Նշենք, որ նավթային ոլորտում հայկական ներդրումից Սուլեյմանովը քիչ թե շատ տեղյակ է եղել: Պարզվել է, որ նա գիտի Ալեքսանդր Մանթաշյանցի մասին։

  • Կիսվել: