կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը

ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը

ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ այդ մասին խոսվել է նախագահ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի ժամանակ։

«Քննարկվել է լրացուցիչ պատժամիջոցների կիրառման հարցը: Իհարկե, սա այն է, ինչ մենք շարունակում ենք դիտարկել: Եվ այդ մասին այսօր հայտնել է նաև նախագահը: Պատժամիջոցների առումով միշտ կարելի է ավելին անել. լրացուցիչ ֆինանսական հաստատությունների դեմ և երկրորդական պատժամիջոցներ: Կա քայլերի մի շարք, որոնք կարելի է ձեռնարկել»,- ասել է Փսակին լրագրողների համար ճեպազրույցում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: