ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ամենատարեր կոմբինացիաներ կարող են լինել. Փաշինյանը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին

Ամենատարեր կոմբինացիաներ կարող են լինել. Փաշինյանը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին

Ինչպես արդեն տեղեկացրե ենք՝ այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց օրերս համացանցում հրապարակված եռակողմ աշխատանքային փաստաթղթի մասին։ Նա ասաց, որ ավելի վաղ դրա մասին չեն հայտարարել, քանի որ այն կարող էր փոփոխվել կամ չստորագրվել։

Փաստաթղթի ամենակարեւոր դրույթը, նրա խոսքով, այն է, որ կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։

Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք չունենք դեմարկացված եւ դելիմիտացված սահման Ադրբեջանի հետ։ Ձեւակերպվել է եռակողմ հանձնաժողով ձեւավորելու մասին առաջարկ, որը կզբաղվի այդ հարցերով։ Քանի որ ընդդիմությունն արդեն հրապարակել է փաստաթուղթը, կասեմ, որ այն միակ եւ եզակի փաստաթուղթն է, որը 1,5 կամ 2 օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ՛՛:

Նա նաև հավելեց, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի խնդիրը մեկ կամ երկու օրվա գործ չէ. ՛՛Սովետական Հայաստանի տարածքներից ավելի քան 70 քմ կիլոմետրը Արցախյան առաջին պատերազմի հետեւանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։

Պետք է, ի վերջո, խոսենք, հասկանանք, թե ինչ ենք անում։ Կան տարբեր ճանապարհներ, օրինակ՝ եղած իրավիճակն արձանագրել որպես պետական սահման։ Ամենատարեր կոմբինացիաներ կարող են լինել՛՛։

Փաշինյանն ընդգծեց, որ դեռ չի խորհրդակցել իրավաբանների հետ այն մասին, թե արդյոք դեմարկացիայի արդյունքները վավերացման կամ հանրաքվեի անհրաժեշտություն ունե՞ն, թե՞ ոչ։

Այս առնչությամբ նա նշեց. ՛՛Սահմանների դեմարկացիա-դելիմիտացիա նշանակում է փակել սահմանների անվտանգության թեման, փոխադարձաբար գալ համաձայնության, թե որտեղով է անցնում պետական սահմանը, որն անձեռնմխելի է՛՛։

 

  • Կիսվել: