երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամբողջական խաղաղության համար պետք է սահմանները փոխադարձ բացվեն. Գևորգ Պապոյան

Ամբողջական խաղաղության համար պետք է սահմանները փոխադարձ բացվեն. Գևորգ Պապոյան

«Իմ կարծիքով՝ դա բարդ, դժվար և անիրատեսական բան է»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքվի առանց ճանապարհների ապաշրջափակման՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Անդրադառնալով Ալիևի ՀՀ-ի զենք գնելու վերաբերյալ հայտարարությանը՝ Պապոյանն ասաց. «Հիմա Ադրբեջանն ասում է՝ Ֆրանսիայից զենք ենք գնում, Հնդկաստանից զենք են գնում, դա մեր երկրի գործն է, դա որևէ այլ երկրի գործը չէ, մենք գիտենք, որ իրենք էլ են գնում, բայց ես համաձայն եմ, որ խաղաղության պայմանագրի պարագայում և լինելիության պարագայում միգուցե օրինակ՝ որպես հարևան պետություններ ինչ-որ սահմանափակումներ լինեն, բայց այդ սահմանափակումները պետք է լինեն համարժեք: Եթե խաղաղություն է և, եթե չենք զինվում այս տեմպերով, ուրեմն ոչ մեկը չի զինվում, կամ, եթե կան ինչ-որ զինատեսակներ, որոնցով չենք զինվում, ուրեմն ոչ մեկը չի զինվում»:

Պապոյանն ընդգծեց, որ եթե շարունակվի թշնամական հռետորաբանությունը, ապա տևական խաղաղություն չի լինի. «Եթե ժողովուրդները մնան բարիկադների տարբեր կողմում և շարունակվի թշնամական հռետորաբանությունը միմյանց նկատմամբ, չլինեն մարդկային շփումներ, առևտուր չլինի, դա չի կարող հիմք հանդիսանալ տևական խաղաղության համար, դա բացասական էներգիա է, որ կուտակվելով կարող է ինչ-որ պահի բերել խնդիրների: Ես էլ եմ համաձայն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը կոնկրետ տարածքով կոնկրետ քարտեզներով բավականին մեծ առաջընթաց կլինի: Ամբողջական խաղաղության համար պետք է սահմանները փոխադարձ բացվեն և Հայաստանն օրինակ՝ Ադրբեջանի տարածքով կարողանա դուրս գալ Կասպից ծով, գնալ Չինաստան, Ռուսաստան, իրենք էլ մեր տարածքով գնան Թուրքիա, Եվրոպա, փոխադարձության սկզբունքը պետք է պահել»:

  • Կիսվել: