չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի դառնալու համար դիմում է ներկայացրել. պաշտպան

«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի դառնալու համար դիմում է ներկայացրել. պաշտպան

Շաբաթներ առաջ Մոսկվայում հայտնաբերված եւ կալանավորված Ալրաղացի Լյովիկ անունով հայտնի Լեւոն Սարգսյանը քննությունից խուսափելու միտում չի ունեցել, գրում է armtimes.com-ը:

Երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման պնդում արեց նրա պաշտպան Աշոտ Սարգսյանը: Ալրաղացի Լյովիկը, հիշեցնենք, հետախուզման մեջ էր գտնվում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա որպես մեղադրյալ է ներգրավվել 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար: «Հետախուզում հայտարարում են այն ժամանակ, երբ անհայտ է մարդու բնակության վայրը, իսկ ես ասում եմ, որ Լեւոն Սարգսյանը ուղղակի փոխել է իր բնակության վայրը. նա  2015-2016 թթ.-ից բնակվում է ՌԴ-ում, եւ եթե նրան ցանկանային հայտնաբերել, երկու զավակների միջոցով կարող էին դա անել: Վերջիններս տարին մի քանի անգամ եկել-գնացել են ՀՀ, եթե օպերատիվ-հետախուզական աշխատանքներ էին ուզում իրականացնել,  շատ հեշտությամբ կարող էին գնալ նրանց հետեւից, տեսնել, որ Լեւոն Սարգսյանն իր տանն է»,- ասաց պաշտպանը:

Նրա  խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզումը ձեւական բնույթ է կրել, նա ՌԴ-ում ապրել է, ազատ տեղաշարժվել եւ զբաղվել իր փոքր բիզնեսով. «Ակնհայտ է, որ Լեւոն Սարգսյանին հայտնաբերեցին Սերժ Սարգսյանի՝ Զագրեբի ելույթից (Սարգսյանը խոսել է ԵԺԿ համագումարում եւ քննադատել գործող իշխանություններին,-խմբ.) 1-2 օր չանցած, մինչդեռ բոլորի համար վաղուց էր պարզ նրա գտնվելու վայրը: Այն ժամանակ պետք չի եղել՝ չեն հայտնաբերել, հիմա պետք է, որ նա ցուցմունք տա ինչ-որ մարդկանց դեմ՝ այս ամենը արվել է հենց այդ նպատակով»,- նշեց Սարգսյանը:

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Լեւոն Սարգսյանը մեղադրանքի վերաբերյալ, ըստ որի՝ Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի մահափորձի պատվիրատուն հենց ինքն է, պաշտպան Աշոտ Սարգսյանը նախ ասաց, թե գործն ունի քաղաքական նկատառումներ, ապա հավելեց. «Բնական է՝ քրեական գործի նյութերին չեմ կարող ծանոթ լինել, քանի դեռ նախաքննություն է, բայց ինձ հասած տեղեկություններով՝ անգամ այդ, այսպես կոչված տուժողը՝ Արմեն Ավետիսյանն է բացառել այդ հանգամանքը, թե հիմա ինչի հիման վրա են մեղադրանքն առաջադրել, ես չեմ կարող ասել»: Հարցին՝ հնարավո՞ր է՝ իր պաշտպանյալի դեմ այլ ցուցմունքներ լինեն, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, այն մարդկանց ցուցմունքները, ովքեր ժամանակին կատարել են տան վրա հարձակումը»: Նշենք, որ Ավետիսյանի տան վրա հարձակման գործով անցում էր 10 անձ, որոնք նշված հանցագործության համար դատապարտվել էին:

Պաշտպանի տվյալներով՝ Լեւոն Սարգսյանն Արմեն Ավետիսյանի հետ չտեսնված հարաբերություններ ունի. «Այն ժամանակ ես ականատես եմ եղել չտեսնված լավ, արտակարգ, ջերմ հարաբերությունների»,-ասաց նա: Նշենք, սակայն, որ ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում նշել էր, որ Սարգսյանը լարված հարաբերությունների մեջ է գտնվել Արմեն Ավետիսյանի հետ:

Աշոտ Սարգսյանը նաեւ ասաց, որ իր պաշտպանյալը ՌԴ քաղաքացի դառնալու համար դիմում է ներկայացրել: «Բոլոր ընթացակարգերը անցել է, մնացել է անձնագիր ստանալը, որը տեխնիկական խնդիր է»,- հավելեց պաշտպանը: Ավելի վաղ, ԱԱԾ-ից ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնել էին, որ Լեւոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի չի հանդիսանում:

Աշոտ Սարգսյանի կարծիքով՝ ՀՀ վերադառնալու դեպքում իր պաշտպանյալին անազատության մեջ են պահելու այնքան ժամանակ, մինչեւ կարողանան նրանից ցանկալի ցուցմունք կորզել. «Դա կկոչվի խոշտանգում, խոշտանգման տարր կպարունակի, ենթադրենք՝ եկավ, Արմեն Ավետիսյանի հետ առերեսման ժամանակ ասաց՝ ոչ, նման բան չի եղել, ի՞նչ եք կարծում, նրան բա՞ց են թողնելու: Ախր ինքն էլ չգիտի՝ ինչու են իրեն հետապնդում, ավելի ճիշտ՝ շատ էլ լավ գիտի, ինձնից, ձեզնից էլ լավ գիտի, թե ինչու»:

Լեւոն Սարգսյանին հայտնաբերելուց եւ կալանավորելուց հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե ՌԴ-ն հնարավոր է չարտահանձնի նրան: Մեր ճշտող հարցին, թե սա հավանական համարո՞ւմ է, պաշտպանը ասաց. «Իհարկե, հաշվեհարդար է լինելու նրա հետ, ինձ թվում է՝ ՌԴ-ն ավելի լավ պատկերացում ունի մեր իրավապահ մարմինների մասին, քան մենք»:

Աշոտ Սարգսյանը տեղեկացրեց, որ Լեւոն Սարգսյանը պահվում է Մոսկվայի քննչական մեկուսարանում:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավորը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Նոյեմբերի 25-ին էլ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել էր հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լեւոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու՝ ՌԴ դատախազության միջնորդությունը:

  • Կիսվել: