կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին. Սարգսյան

Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին. Սարգսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյնուզ» հեռուստաընկերությանը:

Նա անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

Հարցին, թե պատերազմի ավարտից հետո, երբ Ալիևն այցելեց իրենց կողմից զավթված շրջաններ, խոսեց այն մասին, որ ինքը հաղթել է ոչ թե գործող վարչապետի բանակին ու նրան, այլ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, և Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բանակին է հաղթել, այսինքն՝ դուք պարտվե՞լ եք, ձեր ստեղծած բանա՞կն է պարտվել՝ ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. ՛՛Ալիևը, ես վստահ եմ, միշտ երազել է հաղթել մեզ, նրա երազանքը այդպես էլ իրականություն չդարձավ, մենք հաղթել ենք 90-ականներին Ալիևի հորը, 2016-ին Ալիևը պարտվել է ինձ, Ալիևը պարտվել է ինձ ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-ից 2018 թվականներին, և նրա մեջ, վստահ եմ, ձևավորվել էր անհագուրդ պահանջ ինձ ինչ-որ բանում հաղթելու: Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել և գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել՛՛:

Սարգսյանը հավելեց, որ Ալիևը չի հաթել հայ ժողովրդին, այլ հաղթել է ապիկար իշխանություններին:

՛՛Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը չի հաղթել հայ ժողովրդին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին, կապիտուլյացիայի է ենթարկվել ո՛չ հայկական բանակը, ո՛չ հայ ժողովուրդը, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով ու նաև իր թիմից գաղտնի: Ալիևը ինչ-որ առումով ճիշտ է, այո, հայկական բանակի ստեղծման գործում և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ ես, բազմաթիվ այլ մարդիկ, բազմաթիվ գեներալներ, սպաներ մեծ դերակատարում են ունեցել, կապիտուլյանտն ի՞նչ դերակատարում է ունեցել, մեկ օր էլ հայկական բանակում չի ծառայել: Այդ առումով գուցե Ալիևը ճիշտ է, բայց եթե Ալիևի տեսակետից մոտենանք, դա նշանակում է, որ այս կապիտուլյանտին հաղթել է Էլչիբեյը, անտրամաբանական է նրա ասածը՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: