կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել. Անդրանիկ Քոչարյան

Ալիևի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել. Անդրանիկ Քոչարյան

Շատ հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանության փոփոխությունը նախընտրական տրամադրությունների հետ կապ ունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Նրա ամեն մի ասածին մենք  լուրջ պետք է վերաբերվենք։ Եթե ասում է, ուրեմն պետք է լուրջ վերաբերվել։ Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար, էլի պետք է լուրջ վերաբերվենք, մեր խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացելը պետք է լինի»,- նշեց նա։

Նա ասաց՝ այսօր ամենաճիշտը խաղաղությամբ ապրելն է. «Վերջը կռիվը մի օր պետք է ավարտվի՞»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կարողանա ուժի  միջոցով վերցնել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», Քոչարյանը պատասխանեց․ «Ադրբեջանը կարող է շատ ցանկություններ ունենալ։ Ուրիշ բան, մենք այդ ցանկությունները այսօր կանխելու հնարավորություն ստեղծել ենք, թե ոչ»։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք ստեղծել ենք, Քոչարյանն ասաց, որ ամեն օր ստեղծում են։

Հարցին՝ առանց սահմանազատման Հայաստանը պատրա՞ստ է խաղաղության պայմանագիր ստորագրել, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Սահմանազատման խնդիրը շատ կարեւոր է։ Եթե հասնենք նրան, որ հակառակ կողմն ընդունի, որ սահմանազատման պրոցեսն անխուսափելիորեն պետք է իրացվի, որպեսզի մեր փոխվարչապետը կարողանա այդ կետը ֆիքսել, այդտեղից մենք կհստակեցնենք այդ կետից հետո թե հաջորդ կետերը ինչպես պետք է ամրացնենք եւ տիրություն անենք»։

  • Կիսվել: