երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը՝ ի սատարումն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության գերիների վերաբերյալ ԵՄ հայտարարության

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը՝ ի սատարումն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության գերիների վերաբերյալ ԵՄ հայտարարության

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն պաշտպանում եւ սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին հակամարտության գերիների վերաբերյալ ԵՄ՝ 2021թ. ապրիլի 28-ի հայտարարությունը: Այդ հայտարարության մեջ ԵՄ-ն ընդգծում է 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի ամրագրումը եւ կրկնում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու կողմերի միջեւ վստահություն կառուցելու եւ կայուն խաղաղության հասնելու համար: Այս մասին ասված է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամների տարածախ հայտարարության մեջ:

՛՛Հայտարարությանը համահունչ՝ մենք ողջունում ենք մինչ այժմ գրանցված դրական, բայց սահմանափակ արդյունքները՝ կապված գերիների ազատ արձակման, մարդկային մասունքների փոխանցման եւ հումանիտար օգնության տրամադրման հետ: Ինչպես խորհուրդ է տալիս ԵՄ-ն, մենք եւս վճռականորեն պաշտպանում ենք այն դիրքորոշումը, որ երկու կողմերն էլ պետք է զերծ մնան թշնամական եւ վիրավորական հռետորաբանությունից, մնացած բոլոր ռազմագերիներին եւ անազատության մեջ պահվող անձանց պետք է թույլ տրվի վերադառնալ իրենց տները, եւ խրախուսում ենք համատեղ ջանքերի գործադրումը, ընդլայնված համագործակցությունն ու թափանցիկությունը հակամարտության տարածքից ականների եւ այլ պայթուցիկ սարքերի հայտնաբերման եւ անվտանգ հեռացման համար՝ խուսափելով նոր զոհերից:

Մենք դրական ենք գնահատում նաեւ ԵՄ հայտարարության երրորդ կետը, որում շեշտվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են կատարել դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցառումները:

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն բարձր է գնահատում ԵՄ-ի հանձնառությունը` ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության եւ հարգալից երկխոսության հաստատմանը: ԵՄ-ի այսպիսի հստակ եւ հակիրճ հաղորդակցությունը եւ մարդու իրավունքների ոտնահարումներին արագ արձագանքը ճանապարհ են բացում ավելի խորը եւ ամուր գործընկերության համար:

Ամփոփելով, կցանկանայինք հիշեցնել բոլոր կողմերին եւ շեշտել այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման կարեւորությունը` թափանցիկություն, ինչպես նաեւ ձեռնարկված միջոցառումների պատշաճ իրականացում եւ վերահսկողություն ապահովելու համար: Հուսով ենք, որ ԵՄ-ի այս հայտարարությունը դրական եւ խաղաղ զարգացումներ կբերի տարածաշրջանին, որպեսզի բոլոր մարդիկ, անկախ իրենց բնակության վայրից, այժմ կարողանան իրենց ապահով զգալ՛՛,-նշված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: