հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը մանիպուլացնում է. ինչպես է Էդմոն Մարուքյանը քվեարկել պետական բյուջեների մասին օրենքին

Ալեն Սիմոնյանը մանիպուլացնում է. ինչպես է Էդմոն Մարուքյանը քվեարկել պետական բյուջեների մասին օրենքին

Ազգային ժողովում մայիսի 8-ի նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ապտակեց Մարուքյանին, ինչից հետո Ազգային ժողովում ծեծկռտուք սկսվեց։ Նիստն ընդհատվեց, գրում է «Փաստերի ստուգման հարթակը»։

Ընդմիջման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով միջադեպին, դատապարտեց բռնությունը, սակայն իր խոսքում Էդմոն Մարուքյանին մեղադրեց սադրելու մեջ և նշեց, որ Մարուքյանի վրա «նախկին իշխանության մնացորդների հետ կապված մեծ ճնշումներ կան»։

Որպես հիմնավորում՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց․ «Տեսեք՝ մարդը (Էդմոն Մարուքյանը- խմբ․)  չի քվեարկում ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված օրինագծին, քվեարկում է բոլոր Սերժ Սարգսյանի կառավարությունների բերած բոլոր բյուջեներին, չի քվեարկում մեր բյուջեներին»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե Էդմոն Մարուքյանը պատգամավոր լինելու ողջ ընթացքում ինչպես է քվեարկել պետական բյուջեների մասին օրենքներին։ 

Ինչպես է քվեարկել Մարուքյանը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Կառավարության կողմից առաջարկված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից այս տարվա մարտի 5-ին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս նախագծին կողմ էր քվեարկել՝ պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում հաշվի առնեն իրենց շուրջ երեք տասնյակ առաջարկները։ 

Ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այս նախագիծն ընդունվեց, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեծամասնությունը և, մասնավորապես, Էդմոն Մարուքյանը ձեռնպահ քվեարկեցին՝ պատճառաբանելով, որ իրենց կողմից առաջարկված փոփոխությունները արտահայտված չեն օրենքի նախագծում։

Ինչպես է Էդմոն Մարուքյանը քվեարկել պետական բյուջեների նախագծերին

Էդմոն Մարուքյանն առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2012 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում, մեծամասնական ընտրակարգով՝ թիվ 30 ընտրատարածքից: Հետևաբար՝ վերջինս մասնակցել է պետական բյուջեի մասին օրենքների քվեարկություններին՝ սկսած 2013 թվականից։

Այս ընթացքում պատգամավորը կողմ է քվեարկել 2013201420152016 թվականների պետական բյուջեների մասին օրենքներին։

Սակայն ի հեճուկս Ալեն Սիմոնյանի հայտարարության՝ Էդմոն Մարուքյանը դեմ է քվեարկել 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքին, իսկ 2018 թ․ բյուջեի քվեարկությանը պատգամավորը բացակայել է։

2018 թ․ հեղափոխության արդյունքում կառավարության ղեկավար դարձավ Նիկոլ Փաշինյանը, և հետևաբար՝ վերջին երկու տարիների պետական բյուջեի մասին օրենքների նախագծերի հեղինակը հենց Փաշինյանի կառավարությունն է։

Եվ հենց նոր կառավարության հեղինակած՝ 2019 թ․ պետական բյուջեի մասին օրենքի քվեարկությանը Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել, իսկ արդեն 2020 թ․ պետական բյուջեի քվեարկությանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը չի քվեարկել։

Այսպիսով՝ փաստենք, որ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի իշխանության տարիների կառավարությունների բերած բոլոր բյուջեների նախագծերին և դեմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից բերված բյուջեներին՝ սխալ է, քանի որ Էդմոն Մարուքյանը և՛ դեմ է քվեարկել նախկին իշխանությունների կազմած բյուջեի նախագծերին, և՛ կողմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հեղինակած բյուջեին։ 

  • Կիսվել: