շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանն ու Լեհաստանի Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկին անդրադարձել են Ադրբեջանի զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքներին

Ալեն Սիմոնյանն ու Լեհաստանի Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկին անդրադարձել են Ադրբեջանի զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքներին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է առավել ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը Լեհաստանի հետ՝ հավելելով, որ երկկողմ օրակարգում մեծ է միջխորհրդարանական արդյունավետ շփումների դերը:

Նա առաջարկել է ամրապնդել մեր խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային հարթակներում, մասնավորապես, միմյանց համար զգայուն հարցերում:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ անվտանգային մարտահրավերները, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների եւ զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքները: Ալեն Սիմոնյանը կարեւորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը: Անդրադառնալով նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության իրավունքների ոտնահարումից՝ նշելով, որ նրանք փաստացի պատանդի կարգավիճակում են հայտնվել: ՀՀ ԱԺ նախագահը լեհ գործընկերոջը տեղեկացրել է, որ մարդասիրական իրավիճակն օրեցօր վատթարանում է, եւ Լաչինի միջանցքի հնարավորինս արագ ապաշրջափակումը խիստ հրամայական է:

Այս համատեքստում նա երախտագիտություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձեւի կապակցությամբ, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների:

Լեհաստանի Սենատի նախագահը նշել է. «Մենք հասկանում ենք, որ հայերն իրենց պատմության ընթացքում եւ մինչ օրս ստիպված են անընդհատ պայքարել. այդ վիճակի համար մենք մեծ ցավ ենք ապրում»: Նա ընդգծել է, որ Լեհաստանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ՝ հարգելով հակամարտողների ցանկությունը եւ իրավունքները:

Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Սենատի հուշամատյանում:

 

  • Կիսվել: