ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական միջոցառմամբ

Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական միջոցառմամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ:

Միջոցառմանը հրավիրված են եղել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բարձրաստիճան հյուրեր: ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում նշել է. «Ուրախ եմ, որ այսօր՝ եղբայրական Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, նման հիշարժան միջոցառման եմ ներկա: Ուրախ եմ նաև, որ այստեղ է իմ լավ բարեկամ և գործընկեր Շալվան: Այս տարի լրանում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն հայ-վրացական համատեղ անցած ճանապարհը, պատմական առնչությունները և ավանդույթներն ունեն հազարամյակների պատմություն»:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջպետական հարաբերությունների այս երեսուն տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ, սակայն իրականում երկու ժողովուրդների խոսուն և հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է և անչափելի:

Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Շնորհավորելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ` նա նշել է, որ այդ 30 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը երկու ժողովուրդների կապերն ավելի են սերտացրել, դիվանագիտական հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա են դրվել:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձել է երկու ժողովուրդների սերտ կապերին և միջպետական դինամիկ զարգացող հարաբերություններին:

Միջոցառմանը հնչել են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումները:

  • Կիսվել: