երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի որդու՝ սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է․ «Հետք»

Ալեն Սիմոնյանի որդու՝ սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է․ «Հետք»

Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

«Հետքը» պարզել է, որ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ փայ (բաժնեմաս) ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը, որը դատարանի վճռով սնանկ է ճանաչված։

Համալիրի կառուցման բիզնեսում ներգրավված են «Ռան օյլ» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը, Երևանի նախկին ՀՀԿ-ական փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր հետ բիզնես հիմնած Լևան Չիկովանին։

Ինչպես արդեն նշեցինք, նրանց հետ բիզնեսի մեջ է Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանը, որը երբևէ կառուցապատման բիզնեսում չի եղել, երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում։

Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատման փաստաթղթերում խախտումներ է գտել վարչապետին ենթակա Տեսչական մարմինը։ Նույն մարմինը, սակայն, չի տեսել մեկ այլ խախտում, որը «Հետք»-ն է պարզել։

2022 թ․-ի ապրիլին Ծաղկաձոր քաղաքի հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Արշալույս» պիոներական ճամբարի տարածքը շենք-շինություններով վաճառվել է։ Գույքի գնորդները երեքն են՝ Ռոբերտ Գալուստյանը՝ նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ռան օյլ» ընկերության նախկին սեփականատերը, Կարեն Դավթյանը՝  2006-2009 թթ. Երևանի ՀՀԿ-ական փոխքաղաքապետը, Լևան Չիկովանին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր գործընկերը։ 3.2 մլն դոլարով ձեռք բերված հողամասը 1.6 հեկտար տարածք է, որի վրա առկա էին խորհրդային տարիներին կառուցված երկհարկանի շենքեր։

Անշարժ գույք ձեռք բերելուն զուգահեռ՝ 2022 թ.-ի մարտին, հիմնադրվում է «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն։ Ընկերության հիմնադիր բաժնետերերը չորսն են՝ Ռոբերտ Գալուստյանը, Կարեն Դավթյանը, Լևան Չիկովանին և Էդգար Ավագյանը (բոլորը` 25-ական % բաժնեմասով)։ Մեկ տարի անց Կարեն Դավթյանն իր բաժնեմասը փոխանցել է իրեն փոխկապակցված անձին՝ Գեղամ Կիրակոսյանին։

Առաջին հայացքից սովորական բիզնես գործունեություն է։ Պարզապես հարց է ծագում, թե ինչպե՞ս է դրանում ներգրավվել Էդգար Ավագյանը, ո՞րն է նրա և մյուս բաժնետերերի ընդհանրությունը, կամ ինչպե՞ս է հեռուստատեսային աշխատանքով զբաղված անձը հայտնվել 40–50 միլիոն դոլար գնահատված բիզնես նախագծում։ Գուցե քավոր-սանիկական կապե՞րն են այս ծրագրում իր ներդրումը։

2016 թ.-ին Էդգար Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արարատբանկը», քանի որ բանկում 2012 թ.-ից Ավագյանը 28 հազար դոլարի վարկ է ունեցել, որը 2015-ից հետո պատշաճ չի մարել։  2017 թ.-ին դատարանը վճռել է Էդգար Ավագյանին սնանկ ճանաչել։ Նշանակվել է սնանկության կառավարիչ, կազմվել է պարտատերերի ցուցակ։ Բացի «Արարատբանկից», պարտատեր է ճանաչվել նաև «Ամերիաբանկը»։ Առաջին բանկի պարտքը կազմել է 26 հազար դոլար և 100 հազար դրամ, իսկ երկրորդ բանկինը՝ 17 հազար դոլար և 955 եվրո։ 

Սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանը «Հետք»-ին հայտնեց, որ Էդգար Ավագյանի անունով գրանցված ավտոմեքենաներ են եղել, որոնք վաճառվել և ուղղվել են պարտքերի մարմանը, սակայն պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն։ Այդուհանդերձ, նախորդ ամիս Էդգար Ավագյանի ներկայացուցիչը սնանկության գործով կառավարչին բանավոր հայտնել է, որ Էդգար Ավագյանը ցանկանում է մարել պարտքերը, ֆինանսապես առողջանալ։

«Պալլադա Ծաղկաձորը» խախտումներով է կառուցվում

Հունիսի 26-ին Ծաղկաձորի քաղաքապետարանում մասնակցեցինք «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի 9 մասնաշենքից 2-ի կառուցման վերաբերյալ հանրային լսմանը։ Այդ լսումը նախորդում էր համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվություն տրամադրելուն։ Այսինքն՝ հունիսի 26-ի դրությամբ ո՛չ «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն, ո՛չ հողամասի սեփականատերերը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու շինթույլտվություն չունեին։ Սակայն, մի քանի ամիս է՝ «Պալլադա Ծաղկաձորի» շինհրապարակում եռուզեռ է, համալիրի հիմքերն են դրվում, մի մասնաշենքի երկու ստորգետնյա հարկերը կառուցվել են։

Պարզվում է՝ Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետ Նարեկ Հարությունյանը դեռևս 2022 թ.-ի սեպտեմբերի 27-ին կառուցապատողներին շինթույլտվություն է տվել համալիրի ստորգետնյա հարկերի հիմնակմախքի կառուցման համար։ Ինչպե՞ս է դա հնարավոր եղել։

Ուսումնասիրելով «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի քաղաքաշինական փաստաթղթերը՝ պարզեցինք, որ Ծաղկաձորի քաղաքապետը 2022 թ.-ի սեպտեմբերին կառուցապատողներին ստորգետնյա հարկերը կառուցելու թույլտվություն է տվել այն պայմաններում, երբ դեռ չէին ստացվել ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացությունները։ ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը կառուցապատողին տրվել է 2023 թ.-ի փետրվարին, իսկ պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը տրվել է 2023 թ.-ի հուլիսի 6-ին։

Այսինքն` Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը, առանց վերը նշված փորձաքննությունների դրական եզրակացությունների, շինթույլտվություն է տրամադրել։ Համեմատության համար բերենք մեկ այլ կառույցի փուլային շինարարության օրինակ։ Երևանի Տերյան 107 հասցեի բազմաֆունկցիոնալ համալիրը նույնպես փուլային շինթույլտվությամբ է կառուցվել։ Սկզբում կառուցվել են ստորգետնյա հարկերը՝ մինչև 0 նիշ, հետո՝ մնացածը։ Սակայն, Երևանի այդ ժամանակվա քաղաքապետը ստորգետնյա հարկերի շինթույլտվությունը տրամադրել է՝ ունենալով ինչպես ՇՄԱԳ, այնպես էլ պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը։

Բացատրությունը ենթադրաբար հետևյալն է՝ քաղաքաշինական փաստաթղթերը հաստատելը ժամանակատար է, կարող է նույնիսկ մեկ տարուց ավելի տևել, իսկ կառուցապատողները վարկեր են վերցնում և ցանկանում են արագ ավարտին հասցնել շինարարությունը, շուտ իրացնել տարածքները, մեծ եկամուտներ ստանալ։

ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացություններին սպասելու փոխարեն՝ Ծաղկաձորի քաղաքապետն ընտրել է այլ ճանապարհ։

«Պալլադա Ծաղկաձորի» նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությամբ և հանրային լսման ժամանակ կառուցապատողի ներկայացուցչի հայտարարություններից պարզ դարձավ, որ համալիրը նախատեսված է մոտ 3000 մարդու համար։ Պատկերացնելու համար, թե դա ինչ թիվ է,  նշենք, որ Ծաղկաձոր քաղաքում բնակվում է է 1503 մարդ։ Համալիրում նախատեսված է կառուցել մոտ 700 բնակարան/հյուրանոցային համար։ Ըստ ընկերության ներկայացուցչի՝ ներդրման ծավալը գնահատվում է 40-50 միլիոն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը նախատեսում են ավարտել 4 տարվա ընթացքում։

  • Կիսվել: