կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ակնկալում ենք Արևմուտքի երկրների աջակցությունը ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյան

Ակնկալում ենք Արևմուտքի երկրների աջակցությունը ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպմանը կարևորվել են Հայաստան-Լիտվա բարեկամական հարաբերությունները՝ հիմնված համանման պատմական փորձի վրա:
 
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի ջանքերը՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ երախտագիտություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման հարցում Լիտվայի անմիջական մասնակցության համար:
 
Զրույցի առանցքում են եղել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին առնչվող խնդիրները, Լիտվայի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված մարդասիրական աջակցությունը:
 
ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիքը ժողովրդավարությունն է, և մենք ակնկալում ենք Արևմուտքի երկրների աջակցությունն այդ ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում:
 
Նա ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործիք:

  • Կիսվել: