շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է մեկ-երկու նպատակի համար՝ լարել հանրությանը գործող իշխանության դեմ, արդարացնել վճարողի սպասումները. Սիմոնյանը՝ մեդիադաշտի մասին

Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է մեկ-երկու նպատակի համար՝ լարել հանրությանը գործող իշխանության դեմ, արդարացնել վճարողի սպասումները. Սիմոնյանը՝ մեդիադաշտի մասին

«Մաքրման» գործընթացն անընդհատ է. քրեական գործերը, հետախուզման մեջ գտնվող անձինք դրա վառ ապացույցն են, և կարծում եմ՝ մոտ ապագայում մենք էլ ավելի շատ նման օրինակների ականատես կլինենք: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատրաստվում է «Սերժի մնացորդներից մաքրել» պետական համակարգը: և այն հարցին, թե հանրությունը երբ դրան ականատես կլինի:

Սիմոնյանը, պատասխանելով այս հարցին, նշեց. «Երկու տարին, կարծում եմ, բավարար ժամկետ է, թեև ամեն ինչ արվել է հընթացս նաև խնդիրները լուծելու համար. շատ-շատ խնդիրներ լուծվել են, որոնց մասին չի խոսվում հասկանալի պատճառներով. մեդիադաշտը զբաղված է մեկ այլ գործողությամբ: Մեդիադաշտի 90 տոկոսը այսօր զբաղված է գումար աշխատելու և հետաքրքիր վերնագիր հնարելու և տեղադրելու հարցով, դրա համար դրանց մասին շատ չի խոսվում: Մնացածի մասով չեմ կարծում, որ վարչապետը նոր բան է ասել, այդ ամենը բոլորը շատ լավ գիտեն»:

Նա նաև անդրադարձավ այն հարցին, թե արդյոք մոնիթորի՞նգ է արվել, որ ինքը պնդում է, թե մեդիադաշտի 90 տոկոսն զբաղվում է գումար աշխատելով, Սիմոնյանն արձագանքեց:

Այս առնչությամբ Սիմոնյանը նշեց. «Եթե Դուք ուզում եք ինձ հետ վիճաբանության մեջ մտնել՝ դա իննսո՞ւնն է, յոթանասո՞ւնն է, թե՞ իննսունհինգն է, մենք այդ հարցում ոչ մի բանի չենք հասնի: Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ այսօր մեդիադաշտի մի ստվար զանգված պատկանում է նախկին իշխանություններին, գիտենք, թե ինչ թվերով և ինչ վաճառքներ են տեղի ունենում, և տեսնում ենք ոչ միայն մենք, այլև մեր համաքաղաքացիները»: Նա նաև ասաց, որ յուրաքանչյուր լրատվամիջոց, որ կասի, որ այսօր լրատվական դաշտում զետեղված ինֆորմացիայի գոնե 50 տոկոսը խեղաթյուրված չէ, կոնտեքստից կտրված չէ, կհայտնվի շատ վատ վիճակում, որովհետև դա այդպես է:

ԱԺ փոխնախագահն ասաց. «Ակնհայտ է, որ արվում է ամեն ինչ մեկ-երկու նպատակի համար՝ լարել հանրությանը գործող իշխանության դեմ, արդարացնել վճարողի սպասումները և, ենթադրենք, կառավարության կամ իշխանության ձեռքբերումները չներկայացնելով՝ ներկայացնել կոնտքեստից կտրված ինչ-որ իրավիճակներ, որոնք, մեծ հաշվով, ոչ իրականությանն են համապատասխանում, ոչ էլ կապ ունեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե՝ եթե զրպարտում են կամ կոնտքեստից կտրած են ներկայացնում խոսքը, ինչու՞ դատի չի տալիս, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ շուտով ականատես կլինենք շատ ու շատ դատական հայցերի՝ նաև իր կողմից:

  • Կիսվել: