երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աջակցություն է ստացել աշխատանքից ազատված 7925 անձ․ ծրագրով բաշխվել է 539 միլիոն դրամ

Աջակցություն է ստացել աշխատանքից ազատված 7925 անձ․ ծրագրով բաշխվել է 539 միլիոն դրամ

Հակաճգնաժամային վեցերորդ միջոցառմամբ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք, որոնք չունեն մինչև 14 տարեկան երեխա, ստացել են 68-հազարական դրամ աջակցություն: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծրագրից օգտվել է 7925 քաղաքացի, ծրագրով բաշխվել է 539 միլիոն դրամ:

Յոթերորդ միջոցառմամբ՝ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղի կանայք, որոնց ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100-հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 9.475 կանայք, բաշխվել է՝ 921 միլիոն դրամ:

Ութերորդ միջոցառմամբ՝ Կառավարության կողմից սահմանված տուժած ոլորտների վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը ստացել են աջակցություն՝ աշխատողները իրենց գրանցված աշխատավարձի կեսի չափով, անհատ ձեռնարկատերերը՝ եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով: Ծրագրից օգտվել է 120.828 քաղաքացի, բաշխվել է՝ 8 միլիարդ 240 միլիոն դրամ, մեկ անձի միջին աջակցության չափը կազմել է 68.200 դրամ:

0 -18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք հակաճգնաժամային իններորդ միջոցառմամբ ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 166 հազար  երեխա, բաշխվել է՝ 4.4 միլիարդ դրամ:

Հակաճգնաժամային տասներորդ միջոցառմամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողները ստացել են եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով աջակցություն: Ծրագրից օգտվել է 6157 տնտեսվարող, բյուջեն՝ 317 միլիոն դրամ, մեկ սուբյեկտի միջին աջակցության չափը կազմել է 51.500 դրամ։

Վարչապետն ընդգծեց, որ 10-րդ և 8-րդ ծրագրով  այն տնտեսվարողները, որոնք պարտաճանաչ  գրանցել են հսկիչ դրամարկղային  մեքենաներով իրենց  կտրոնները՝ նրանց աջակցության չափն էականորեն ավել է եղել քան նրանք, որոնք ընդհանրապես չեն գրանցել  շրջանառությունը, որը պարտավոր էին օրենքով:

«Մայիսի 15-ի դրությամբ՝ վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768.150 վարկ և իրավաբանական անձանց 16.875 վարկ»,- նշեց վարչապետը:

Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով՝ նշեց վարչապետը՝ հավելելով, որ խոսքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Բնակարան՝ երիտասարդներին» ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի մասին է, որոնց մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչ 6 ամսով, այսինքն՝ մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ։

«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թ. ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թ. ապրիլի 20-ից հետո դարձել է 1 միլիոն 500 հազար դրամ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սա ընդունվել է որպես ոչ այնքան հակաճգնաժամային միջոցառում, այլ որպես տնտեսական և հարկային քաղաքականություն և անփոփոխ է մնալու կորոնավիրուսային ճգնաժամից հետո:

  • Կիսվել: