չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԳՆ-ում տեղեկություններ չունեն, թե ինչ խախտումներ են արձանագրել ԵՄ դիտորդները

ԱԳՆ-ում տեղեկություններ չունեն, թե ինչ խախտումներ են արձանագրել ԵՄ դիտորդները

Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդների առաքելությունը բավականին արդյունավետ է աշխատում։ Այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
 
«Արդյունավետ է, քանի որ նախկինում մենք միջազգային ուշադրության պակաս ենք ունեցել։ Ադրբեջանը միշտ ասում էր, որ այս ամենը Հայաստանի կողմից հնարած բան է, միշտ հայերն են հրահրում։ Իսկ հիմա այլ է իրավիճակը»,– ընդգծեց պաշտոնյան։
 
Փոխնախարարի խոսքով` ԱԳՆ-ում տեղեկություններ չունեն, թե ինչ խախտումներ են արձանագրել ԵՄ դիտորդները։
«Աշխատանքը շարունակվում է, պատվիրակները պարբերաբար պատրաստում են իրենց զեկույցները Եվրամիության համար»,– ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ պետք չէ դիտորդներից հայտարարություններ ակնկալել մամուլի համար։
 
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։ Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։

  • Կիսվել: