ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի տեսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ փոխարինող նախարարի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի տեսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ փոխարինող նախարարի հետ

Հուլիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը տեսազրույց ունեցավ Հունաստանի արտաքին գործերի փոխարինող նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: 

Հունաստանի ԱԳ փոխարինող նախարարը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հունաստանի նախագահության առաջնահերթությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց ԵԽ նախարարների կոմիտեում հունական նախագահության առաջնահերթությունները՝ հաստատելով Հայաստանի աջակցությունը դրանց իրագործման հարցում: Ավետ Ադոնցը, մասնավորապես, ընդգծեց մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների և օրենքի գերակայության լիարժեք հարգանքի հիման վրա մարդու կյանքի և հանրային առողջապահության պաշտպանության կարևորությունը համավարակի պայմաններում:

Անդրադառնալով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց գագաթաժողովի անցկացման կարևորությունը, ինչպես նաև առանձին ոլորտներում աշխատանքների ակտիվացումը:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Ավետ Ադոնցը զրուցակցին ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում, անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, ԱԳ նախարարի տեղակալը դատապարտեց Թուրքիայի կողմից տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:

Անդրադարձ կատարվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը: 

  • Կիսվել: