ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե ԼՂ հարցը լուծված է, բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի. վարչապետ

Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե ԼՂ հարցը լուծված է, բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի. վարչապետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի օր առաջ հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ընդգծում էին Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այսպիսով ընդգծելով հարցի չկարգավորված լինելը: Այս մասին ասյօր Զառիթափ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա ինչո՞վ է կարևոր: Նրանով, որ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Ղարաբաղի հարցը լուծված է այլևս, որ Ղարաբաղի հարց չկա: Բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի, ընդ որում՝ կողմերին հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ էլեմենտներից կարևորագույնն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ կարող ենք արձանագրել, որ միջազգայնորեն պահպանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու դա նաև՝ մեր տղաների կյանքի և հերոսության գնով՛՛:

Ըստ Փաշինյանի՝ պատերազմն անխուսափելի էր. ՛՛Որովհետև 2018թ. դրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով զիջումների իմաստով, ըստ էության, հասել էր իր կարմիր գծերին և հատել էր այդ կարմիր գծերը: Այլընտրանք չկար, քան փորձել կանգնել և պաշտպանել մեր իրավունքը և պաշտպանել հայ ժողովրդի ու Արցախի ժողովրդի շահը: Բայց ձեզ ավելին ասեմ՝ նույնիսկ, եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, կրկին լինելու էր պատերազմ:

Ինչո՞ւ, որովհետև միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում, եթե նույնիսկ Հայաստանն իր շահերին ոչ համապատասխան որևէ լուծման համաձայնվեր: Չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ: Եվ, հետևաբար, այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն՛՛::

Վարչապետը խոսեց նաև անվտանգությանն առնչվող խնդիրների մասին և ասաց, որ հաճախ է հարց հնչում, թե ի վերջո Հայաստանի և Արցախի անվտանգությունն ինչ համակարգով պետք է պահպանվի:

՛՛Հայաստանի և Արցախի անվտանգությունն այսօր հենված է և երեկ էլ է հենված եղել, այսօր առավել ևս հենված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի, գործընկերության վրա: Եվ ուզում եմ ընդգծել, որ մեր անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, ինչի տրամաբանությամբ նշանակում է, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա:

Նաև Արցախում խաղաղապահ կոնտինգետի տեղակայումն անվտանգության էական երաշխիքներ է ավելացնում Արցախի համար: Բայց, այնուամենայնիվ, ես նաև ուզում եմ ընդգծել մի հետևյալ հանգամանք: Օրինակ՝ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի համատեքստում շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսին էր Ռուսաստանի դերը կամ ինչու այնպիսին չէր, որի շուրջ Հայաստանում ոմանք մտածում էին, որ այդպես պետք է լինի: Եվ այս համատեքստում ինչպե՞ս ենք մենք գնահատում հայ-ռուսական բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը՛՛,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց, որ, իհարկե, հայ-ռուսական բարեկամությունը, գործընկերությունն ամուր են, ինչպես միշտ են ամուր եղել և շարունակելու են ամուր մնալ:

՛՛Ռուսաստանը մեր դաշնակից պետությունն է: Ռուսաստանը մեր եղբայր պետությունն է, բայց կրկին ուզում եմ արձանագրենք՝ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ և Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որն ունեցել ենք, տարածվել է Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս՛՛,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: