չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել՝ ընդդեմ Հայաստանի, ընդդեմ Արցախի. վարչապետ

Ադրբեջանը փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել՝ ընդդեմ Հայաստանի, ընդդեմ Արցախի. վարչապետ

Նախկինում էլ՝ մայիս ամսին, ՀՀ-ն երկու անգամ պատրաստակամություն է հայտնել, այսինքն՝ նույնիսկ նախնական պայմանավորվածություն է եղել մեկնարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, և Ադրբեջանի կողմից երկու անգամ չեղարկվել կամ հետաձգվել է այդ հանդիպումը։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բնական հարց է առաջանում՝ ինչու է փորձում նման տպավորություն ստեղծել Ադրբեջանը։ Պատասխանս միանշանակ է՝ այսպես կաթիլ-կաթիլ նրանք փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել՝ ընդդեմ Հայաստանի, ընդդեմ Արցախի։ Նույնն էլ՝ ճանապարհների, կոմունիկացիաների թեմայով, Ադրբեջանը փորձում է տպավորություն թողնել, որ Հայաստանը չի ուզում տարածաշրջանի կոմունիկացիաները բացել և եռակողմ հայտարարության դրույթները իրագործել, մինչդեռ իրականությունը հակառակն է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանն իրականացրել է շրջափակման քաղաքականություն՛՛:

Վարչապետը նաև հավելեց. ՛՛Մենք վերին աստիճանի շահագրգռված ենք պրոցեսն առաջ տանելու համար. իրականում Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ, ինչը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից՛՛:

  • Կիսվել: