Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիվ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ. Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող
Ցանկացած սադրանք կամ բռնություն վտանգում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման գործընթացը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եվրախորհրդարանը հստակ դիրքորոշում արտահայտեց վերջերս ընդունված բանաձեւով, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, եւ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի հաղորդակցությունների վերականգնման համար, որպեսզի մարդիկ կարողանան անխափան երթեւեկել երկու ուղղությամբ: ԵՄ-ն այս հարցում պատրաստ է նպաստել այդ գործընթացին՝ դիտորդական առաքելության միջոցով, որն օգնելու է՝ խուսափել հետագա արգեսիաներից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՛՛:
Խոսելով այն մասին, թե սահմանազատման գործընթացում ԵՄ-ն ի՛նչ աջակցություն կարող է ցուցաբերել՝ Կովաչեւը պատասխանել է. ՛՛Ինչպես գիտեք, մեր հանձնակատարը վերջերս Հայաստանում էր, եվրոպական կառույցները փորձում են նպաստել թե՛ երկկողմ կապերի հաստատմանը, թե՛ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների դյուրացմանը: Սա, բնականաբար, պետք է իրականացնեն Հայաստանի եւ Ադրբեջանի աշխատանքային խմբերը: Որեւէ սադրիչ հայտարարություն չի կարող հանգեցնել դրական լուծման: Սահմանների հարցում կողմերը լուծման որոշակիություն մտցնելու կարիք ունեն, որպեսզի հետագայում խուսափեն նման սադրանքներից՛՛:
Նա անդրադարձել է նաեւ ադրբեջանական կողմի վերջին սադրանքին եւ այն փաստին, որ այդ անգամ ԵՄ դիտորդներն ունեին ներկայություն: Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է առաքելության զեկույցներին, Անդրեյ Կովաչեւը պատասխանել է. ՛՛Սա բավական նոր քաղաքացիական առաքելություն է, որը դեռեւս Եվրախորհրդարանին չի տրամադրել որեւէ զեկույց: Այսինքն՝ ես ներկա պահին առաջնորդվում եմ այդ սադրանքի մասին ստացված լուրերով: Սպասում եմ, որ շուտով դիտորդների կողմից կունենանք առաջին զեկույցը: Ողջունում եմ նաեւ այն, որ դիտորդական առաքելության կազմը ընդլայնվում է, որպեսզի սահմանների հնարավորինս տարբեր hատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ ավելի շատ փաստագրված տեղեկություն կարողանանք ստանալ՛՛:
Կովաչեւը խոսել է նաեւ այն մասին, որ Եվրախորհրդարանը Եվրոպական խորհրդին կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե դատարանի որոշումը անհապաղ չկատարի. բանաձեւից անցել է մեկ ամիս, սակայն մինչ օրս Ադրբեջանը չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Հարցին՝ պատժամիջոցների հարցն ի՞նչ մակարդակով է քննարկվում, Կովաչեւն ասել է, որԵվրոպական խորհուրդն է պատասխանատու պատժամիջոցների քաղաքականության համար, սակայն առաջնայինը դիվանագիտական միջոցններն են:
՛՛Ես կրկին կոչ եմ անում Ադրբեջանին՝ ապաարգելափակել Լաչինի միջանցքը ու երաշխավորել մարդկանց ազատ տեղաշարժը եւ ապրանքների ազատ տեղափոխումը երկու ուղղությամբ: Սա 2020 թվականին կնքված եռակողմ համաձայնագրի կարեւոր դրույթներից է: Մենք, ցավոք, տեսնում ենք, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները, եւ ՌԴ-ն որեւէ պարագայում վստահելի գործընկեր չէ՛՛,-նշել է նա:
Անդրադառնալով Հայաստանում եղած այն ահազանգերին, որ Ադրբեջանը նախապատրաստվում է նոր ռազմական գործողությունների, եւ այս համատեքստում պատասխանելով հարցին, թե ԵՄ-ի արձագանքն ինչպիսի՛ն կլինի նման զարգացման դեպքում, Կովաչեւն ասել է. ՛՛Ես պաշտոնական Բաքվից լսում եմ հայտարարություններ, որ նրանք շարունակում են հանձնառու մնալ խաղաղության օրակարգին եւ սահմանազատման եւ սամանագծման գործընթացին: Սա է իրավիճակի հանգուցալուծման միակ խաղաղ ու քաղաքակիրթ ճանապարհը: Մենք Եվրախորհրդարանում կոչ ենք արել՝ խուսափել ատելության խոսքից: ԵՄ-ն մտադիր է նպաստել խաղաղության գործընթացի հեշտացմանը, քանի որ սա Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիները համար խաղաղ միջավայրում ապրելու, կրթություն ստանալու, կարիերայի, սոցիալական բարգավաճման համար անհրաժեշտ գործոն է, ամենակարեւորը՝ ազատ քաղաքացի լինելու եւ չվախենալու, որ ցանկացած պահի կարող են հարձակումներ լինել՛՛:
Կովաչեւը խոսել է նաեւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ՝ ասլով, որ այդ թեմային նվիրված իրենք ունենք հատուկ ընդունված բանաձեւ:
՛՛Ընդունել ենք մեկ այլ բանաձեւ, որում կրկին կոչ ենք անում՝ անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, նույնը վերաբերում է Հայաստանին, եթե ադրբեջանցի գերիների հետ կապված նման դեպքեր լինեն: Սա միանշանակ անընդունելի է մեզ համար, եւ բոլոր մակարդակներում կրկնում ենք Ադրբեջանի իշխանություններին ուղղված այս կոչը՛՛,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում.



