երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Ադրբեջանը նոր հակամարտության ճարտարապետություն է կառուցում. Ռուբինյան

Ադրբեջանը նոր հակամարտության ճարտարապետություն է կառուցում. Ռուբինյան

Հայաստանը պատրաստ է ունենալ ապաշրջափակված հաղորդակցություններ՝ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգման հիման վրա։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պատրաստ ենք ունենալ ապաշրջափակված հաղորդակցություններ, ճանապարհներ, երկաթուղային ճանապարհներ՝ հիմնված կողմերի, այս դեպքում՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգման վրա»։

Ռուբինյան հավելել է, որ չի պատկերացնում, որ որևէ մեկը կարող է վիճարկել այս հիմնական սկզբունքները։

«Վիճարկել հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ մարդը դեմ է խաղաղության ճարտարապետության կառուցմանը, կողմ է հակամարտության ճարտարապետության կառուցմանը։ Ցավոք, եթե ուսումնասիրենք Ադրբեջանի դիրքորոշումները, հստակորեն կտեսնենք, որ դրանք ուղղված են նոր հակամարտության ճարտարապետության կառուցմանը»,- նշել է նա:

Ռուբինյանը նաև ընդգծել է, որ ՀՀ-ի առաջարկած նախագծերից, ինչպիսին է, օրինակ, «Խաղաղության խաչմերուկը», կարելի է տեսնել Հայաստանի ցանկությունը խաղաղություն հաստատել ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ Հարավային Կովկասում։

  • Կիսվել: