երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ադրբեջանը միշտ էլ ապատեղեկատվություն տարածել է. նպատակը՝ Հայաստանում լարվածության օջախ պահելն է. Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանը միշտ էլ ապատեղեկատվություն տարածել է. նպատակը՝ Հայաստանում լարվածության օջախ պահելն է. Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանի պահվածքը նորություն չէ, միշտ էլ երբ իրենց պետք է եղել, ապատեղեկատվություն են տարածել։ Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքում լարվածության օջախ պահելն է, և դա նրանց հաջողվում է, որովհետև հիմա մենք դա ենք քննարկում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով այն մասին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանը պարբերաբար կեղծ հաղորդագրություններ է տարածում այն մասին, թե Հայաստանի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Բայց դա խաղաղության օրակարգի մեր պատկերացումների մեջ չի տեղավորվում, դա է խնդիրը»,–հավելեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանն այն մասին, որ ՊՆ–ին հանձնանարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Զինված ուժերում ոչ թե զգոնության պակասի խնդիր է առաջանալու, այլ զգոնությունն ավելացնելու խնդիր, որովհետև հակառակ կողմին ընդամենը ամենաբարձր մակարդակով ասվեց, որ այն, ինչի մասին դուք խոսում էիք, գոյություն չունի։ Մենք անընդհատ հերքելով ոնց որ թե որևէ լուծման չենք հանգել»,–ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իշխանությունը հետևում է սահմանային իրավիճակին, և եթե էսկալացիայի վտանգ տեսնի, զինված ուժերն իրենց իրավասությունների սահմաններում, ըստ անհրաժեշտության կկիրառեն գործողությունների պլանը։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Ադրբեջանը կրկին նոր պահանջներ է առաջ քաշում, Քոչարյանը պատասխանեց. «Ադրբեջանը միշտ նոր նախապայմաններ առաջ քաշելու է, բայց նաև հայտարարեց, որ պայմանագրի հետ կապված որևէ խնդիր այլևս չի տեսնում։ Բայց դա ժամանակավոր արձագանք էր, որովհետև Փաշինյանն արձագանքեց, որ եթե որևէ խնդիր չկա, ինքը պատրաստ է ստորագրել։ Նաև միջազգային գործընկերներ արձագանքեցին, որ ողջունում են. վերջին հաշվով տարածաշրջանում խաղաղությունը պիտի փաստաթղթով ամրագրվի, որ սկսենք դա իրականության մեջ կառուցել»։

  • Կիսվել: