շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
«Ֆրանսիայի հայտարարությունը կանխակալ է և չի արտացոլում իրավիճակը տարածաշրջանում». Ադրբեջանի ԱԳՆ

«Ֆրանսիայի հայտարարությունը կանխակալ է և չի արտացոլում իրավիճակը տարածաշրջանում». Ադրբեջանի ԱԳՆ

Նախօրեին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարությունը ՛՛ադրբեջանահայկական պայմանական սահմանին տեղի ունեցած սադրանքի մասին կանխակալ է և չի արտացոլում իրավիճակը տարածաշրջանում՛՛: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Նշվում է, թե Ադրբեջանը, իբր, միջազգային բոլոր նորմերին և կանոններին համաձայն՝ ապահովել է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ հարյուրավոր հայ բնակիչների տեղաշարժը:

՛՛Չնայած դրան՝ հունիսի 15-ին սահմանային անցակետում հայերի կողմից արձակված կրակից վիրավորվել է մեր սահմանապահը: Տվյալ պահին իրականացվում են անվտանգության ապահովման միջոցներ, և ընթանում է քննություն՛՛,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Բաքուն ևս մեկ անգամ մեղադրում է Ֆրանսիային կողմնակալության համար, ՛՛ինչը միայն ափսոսանք է առաջացնում՛՛:

՛՛Ֆրանսիական կողմն առայսօր չի արձագանքել այն հանգամանքին, որ Հայաստանը խաղաղ բնակչությանն ականների սպառնալիքին է ենթարկել, մոտ 30 տարի տևած օկուպացիայի ընթացքում մշտապես թիրախավորել է քաղաքացիական բնակչությունը և սադրանքներով խոչընդոտում է ադրբեջանցիների արժանի և ապահով վերադարձը հայրենի հողեր՛՛,-նշված է հայտարարության մեջ:

Բացի այդ՝ ըստ Բաքվի՝ ՛՛հայկական կողմը պարտավոր է վերջ տալ սադրանքներին, դուրս բերել ապօրինի զորամիավորումներն Ադրբեջանի տարածքից և կատարել հաղորդակցության ուղիները վերականգնելու պարտավորությունը՛՛՝ վստահեցնելով, որ իրենք պատրաստ են ՛՛բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները՝ միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմքի վրա՛՛:

՛՛Կոչ ենք անում Ֆրանսիային՝ նորից կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելով պարարտ հող չստեղծել գործընթացը խոչընդոտելու փորձերի համար՛՛,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր, որ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում վերջին երկու օրվա ընթացքում հայ-ադրբեջաական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում՝ Երասխում քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցների առիթով։ Այս մասին հայտարարություն էր տարածել երկրի արտաքին գործերի նախարարությունը՝ միաժամանակ զսպվածության, լարվածության թուլացման և քաղաքացիական բնակչության պաշտպանության կոչ անելով։

Ինչպես նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, Ֆրանսիան վերահաստատում է, որ աջակցում է Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի՝ Քաշաթաղի (Լաչին) միջանցքում երթևեկության վերականգնման մասին որոշման կատարմանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ ի շահ բնակչության։

Նշվում է նաև, որ հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը ցույց է տվել քննարկվող տարբեր հարցերի շուրջ առաջընթացի հասնելու ցանկությունը, և այդ հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։

 

  • Կիսվել: