շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և բանակցությունների ողջ ընթացքում անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում․ Մարուքյան

Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և բանակցությունների ողջ ընթացքում անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում անդրադարձել է  խաղաղության պայմանագրի սկզբունքերին և Ադրբեջանի օրերցօր ավելացող պահանջներին։

«2022 թվականի մարտին Ադրբեջանն առաջարկեց հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվեր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, այն է՝ պետությունների կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, նրանց միջազգային սահմանների անխախտելիության և միմյանցից քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:

Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և իրավական պարտավորության ընդունում այն մասին, որ ապագայում նման պահանջներ չեն ներկայացվի:

Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող այլ հանգամանքներից:

Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցության հաստատում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Չնայած նշված սկզբունքներին անդրադարձ է կատարվել բանակցությունների ընթացքում, այդ թվում՝ հրապարակայնորեն, Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և բանակցությունների ամբողջ ընթացքում անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում՝ դրանով իսկ տորպեդահարելով խաղաղ գործընթացը։ Երեկ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության և ներքին օրենսդրության մեջ՝ այդպիսով պաշտոնապես բարձրացնելով բոլորովին նոր նախապայման։

Ինչպես ասում են՝ «Ախորժակը ուտելիս է բացվում», և այս անվերջ պահանջները գալիս են ապացուցելու միայն մեկ բան՝ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում կամ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ՝ այսպիսով փորձելով հիմարացնել ամբողջ միջազգային հանրությանը»,- գրել է նա։

  • Կիսվել: