երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը խեղաթյուրում է պատմությունը՝ արդարացնելու ՀՀ-ի դեմ իր տարածքային նկրտումները. ՀՀ ԱԳՆ տեղակալ

Ադրբեջանը խեղաթյուրում է պատմությունը՝ արդարացնելու ՀՀ-ի դեմ իր տարածքային նկրտումները. ՀՀ ԱԳՆ տեղակալ

Դեկտեմբերի 14-ին համաշխարհային փախստականների ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացված է ստորև:

«Ողջունում եմ Փախստականների հարցերով համաշխարհային ֆորումի գերազանց կազմակերպումը: Այն տեղի է ունենում ճգնաժամային մի իրավիճակում, որը նշանավորվում է աշխարհում հակամարտություններով, ինչն էլ բերում է բռնի տեղահանված անձանց թվի կտրուկ մեծացման:

Ցավոք, Հարավային Կովկասը զերծ չմնաց նման ողբերգական զարգացումներից։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման: Մի քանի օրերի ընթացքում ավելի քան 105 հազար հայ բռնի տեղահանվել են իրենց նախնիների երկրից։ Եվս 26 հազար հայ մինչ այդ տեղահանվել էր ԼՂ-ից 2020 թվականի ավերիչ պատերազմի հետևանքով: Նշենք, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վերջերս ընդունված իր որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է «ապահովել, որ Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ»: Հայաստանը ողջունում է այս որոշումը և լիովին աջակցում է այս իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման իրականացմանը։

Քանի որ ներկայումս չկան համապատասխան պայմաններ՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները, Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ փախստականների կարիքները հոգալու համար։

Հայաստանը հանձնառու է ձեռնարկել հստակ քայլեր՝ ԼՂ հայերի համար ապահովելու բնակարանային հասանելիություն, խթանելու տնտեսական հնարավորությունների հավասար հասանելիությունը, պաշտպանելու կրթության իրավունքները և ընդգրկելու փախստական երեխաներին Հայաստանի կրթական համակարգում, բոլոր փախստականների համար ապահովելու առողջապահական հիմնական ծառայությունների և դեղերի տրամադրումը։

Նման ծավալների հումանիտար ճգնաժամը պահանջում է համապարփակ միջազգային արձագանք։ Այս նպատակով հոկտեմբերին Հայաստանի կառավարության և ՄԱԿ ՓԲՀ-ի սերտ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանի փախստականների կարիքների արձագանքման ծրագիրը՝ համախմբելով 60 գործընկերների ամբողջ աշխարհում: Այս առնչությամբ ևս մեկ անգամ միջազգային աջակցության կոչ ենք անում:

Կցանկանայի հավելել, որ 2020 թվականից Հայաստանի կառավարությունը Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում տեղի ունեցած ջարդերի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված փախստականներին տրամադրել է «բնակարանների գնման վկայագրեր»։ Նրանցից մոտ 360.000-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից1980-ականների վերջին և 90-ականների սկզբին։ Մինչ այդ, համակարգային բռնությունների արդյունքում հայերը ստիպված են եղել լքել Նախիջեւանը և Ադրբեջանի այլ բնակավայրեր։ Պետք է պաշտպանվեն նաև այս փախստականների բոլոր իրավունքները։

Այս համատեքստում կարևոր է նշել, որ Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալներով՝Խորհրդային Ադրբեջանում բնակվում էր շուրջ 500.000 հայ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից բռնության, ուժի կիրառման, ատելության և այլատյացության պատճառով Ադրբեջանում հայեր գրեթե չկան։

Հիշեցնելով հումանիտար հարթակը չքաղաքականացնելու մասին Գերագույն հանձնակատարի կոչը՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել ադրբեջանական պատվիրակության կողմից տրված որոշակի խոստումների վրա։ Իր անկախացումից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը երբեք նման պահանջ չի ներկայացրել և ներկայումս խեղաթյուրում է պատմությունը՝ արդարացնելու Հայաստանի Հանրապետության դեմ իր տարածքային նկրտումները։ Այն պետք է միանշանակ մերժվի միջազգային հանրության կողմից»:

  • Կիսվել: