երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է տեղեկատվություն տրամադրել առաջին պատերազմում անհայտ կորածների մասին. Բայրամովը Կլաարին ներկայացրել է իրենց պահանջները

Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է տեղեկատվություն տրամադրել առաջին պատերազմում անհայտ կորածների մասին. Բայրամովը Կլաարին ներկայացրել է իրենց պահանջները

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է տեղեկատվություն տրամադրել առաջին պատերազմում 4000 անհայտ կորածների մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը հայտնել է իր պահանջները՝ նշելով, որ Հայաստանը պետք է կատարի իր խոստումները։

Բայրամովն ընդգծել է Եվրամիության ակտիվ դերը տարածաշրջանում խաղաղապահ ջանքերին աջակցելու գործում, մասնավորապես՝ ԵՄ խորհրդի նախագահի նախաձեռնությամբ անցկացվող բարձր մակարդակի հանդիպումները։ Խոսելով այդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նա ընդգծել է Հայաստանի տված խոստումների կատարման կարեւորությունը, այդ թվում՝ առաջին պատերազմում անհայտ կորած մոտ 4000 ադրբեջանցիների մասին տեղեկատվության տրամադրումը։

Նա նշել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ԵՄ աջակցությունը Ադրբեջանի ՛՛ազատագրված՛՛ տարածքների ականազերծման, ինչպես նաեւ վերականգնողական աշխատանքների իրականացման հարցում։

Իր հերթին Կլաարն ընդգծել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ առաջընթացի հասնելու գործընթացին։ Կողմերը կարծիքներ են փոխանակել նաեւ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ եւ փոխադարձ հետաքրքրություն հայտնել այդ հարցում։

  • Կիսվել: