հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը դեմ էր ԵԽԽՎ–ում Լաչինի հարցի քննարկմանը. Ռուբինյանը մանրամասներ է հայտնում

Ադրբեջանը դեմ էր ԵԽԽՎ–ում Լաչինի հարցի քննարկմանը. Ռուբինյանը մանրամասներ է հայտնում

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները ամեն ինչ անում են, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով քննարկման ժամանակ խոսի ոչ միայն հայկական պատվիրակությունը, այլ նաև այլ պատվիրակություններ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
 
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլորը բարձրաձայնեն Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցը, դրա հետևանքները ու կոչ անեն Ադրբեջանին անմիջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը»,– ասաց Ռուբինյանը։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշել է Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը քննարկել այս նստաշրջանի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա հունվարի 26-ին։
 
«Չնայած ադրբեջանական պատվիրակության անդամները դեմ արտահայտվեցին այս քննարկմանը, բայց քվեարկություն եղավ, և գերակշռող մեծամասնությունը որոշեց, որ այս քննարկումը լինելու է»,– ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը։
Նրա խոսքով` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը իրեն հասու բոլոր գործիքներով աշխատում է, որ այս հարցն էլ ավելի միջազգայնացվի ու Ադրբեջանի վրա ճնշումն ավելանա։
Ռուբինյանը նշեց նաև, որ այս հարցում ընդդիմադիր պատգամավորների հետ իշխանությունը ունի ընդհանուր մոտեցում։
 
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը մինչ օրս փակ է:

  • Կիսվել: