Ադրբեջանը դարձյալ պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն
Ադրբեջանական կողմը դարձյալ բարձրացրել է ՀՀ Սահմանադրության փոփոխության թեման:
Այդ երկրի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ելույթում, մասնավորապես, ասել է. ՛՛Այս պահին մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ Սահմանադրության փոփոխությունների միջոցով օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ ՛՛տարածքային պահանջներից՛՛։
Հետպատերազմյան վերականգնումը պահանջում է վերացնել հակամարտության բոլոր բացասական հետևանքները՝ ներառյալ ՛՛հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներին՛՛ պատասխանատվության ենթարկելը: ՛՛Պատերազմական հանցագործությունների մեջ կասկածվողներին՛՛ պատասխանատվության ենթարկելը ոչ միայն Ադրբեջանի իրավունքն է, այլ նաև միջազգային իրավունքի պարտավորությունը։
Մենք երաշխավորել ենք, որ մեղադրյալի բոլոր դատավարական իրավունքները հարգվեն միջազգային չափանիշներին համապատասխան և կշարունակենք դա անել՛՛:
Նա նաև նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանն ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում, մասնավորապես՝ երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։