հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանը բացահայտ դուրս է գալիս Իրանի դեմ. «Հայաստանի Հանրապետություն»

Ադրբեջանը բացահայտ դուրս է գալիս Իրանի դեմ. «Հայաստանի Հանրապետություն»

 «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրումն այսօր արդեն կարող ենք ասել, որ առաջին հերթին ուղիղ պատասխանն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ Արեւմտյան Ադրբեջանը Նախիջեւանին միացնող Մեղրիի ճանապարհից ադրբեջանցիները պետք է օգտվեն մաքսային ծառայությունները կանոնակարգող նորմերի ողջ ընթացակարգով, այլ ոչ թե անսահմանափակ եւ ազատ տեղաշարժի իրավունքով: Նիկոլ Փաշինյանի այդ  հայտարարությանը հետեւեց ոչ միայն Գորիս-Կապան ճանապարհի երկօրյա փակումը, այնուհետեւ՝ ուղեկալի տեղադրումը եւ Իրանից ժամանող մեքենաների ստուգումն ու գանձումները, այլեւ իրանցի վարորդների ձերբակալումը: Լիովին կանխատեսելի է, որ հաջորդիվ հնարավոր է նաեւ նույնն արվի հայկական պետհամարանիշներով մեքենաների դեպքում:

Մյուս կողմից էլ՝ Իրանի հանդեպ Բաքվի նման կոպիտ ժեստն անընկալելի է: Ադրբեջանցիների հակաիրանական այդ քայլի մեջ տրամաբանություն տեսնելը եւ պնդելը, որ դա ինքնագլուխ է արվում, դժվար է, քանի որ Նախիջեւանին միացնող ներկայիս միակ ուղին անցնում է Իրանի հյուսիսով, եւ այդ երկիրը Բաքվի համար անհամեմատ ավելի մեղմ մաքսային տուրքեր է սահմանել: Ալիեւն, ամենայն հավանականությամբ, տրամաբանած կլիներ, որ իր այդ քայլերին հետեւելու է Թեհրանի համարժեք պատասխանը: Իսկ Իրանի պատասխանն այդ հարցում իրեն սպասեցնել չի տա: Արդեն այսօր այդ երկրի ԶԼՄ-ներն առաջ են քաշում իրենց տարածքով անցնող Բիլե Սավար-Նախիջեւան ճանապարհահատվածից օգտվելիս Ադրբեջանի համար մաքսատուրքի բարձրացման մասին: Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ակնկալում է, որ Նախիջեւանի հետ Իրանի տարածքով կապը կփոխարինի Մեղրիով անցնելիք ճանապարհով, սակայն այստեղ առաջնային է դառնում այդ երկու պետությունների հարաբերությունների հարցը: Ադրբեջանի այս քայլը կարող է ընկալվել տարածաշրջանում հակաիրանյան գործընթացների համատեքստում, որը նաեւ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի մյուս խոշոր թիրախն է, եւ այդ ուղղությամբ գործողություններն անխուսափելիորեն մեկնարկելու էին: Նույնիսկ ադրբեջանական սոցիալական տիրույթում կարծիք է շրջանառվում, որ պաշտոնական Բաքուն խոչընդոտում է Արցախի Հանրապետություն իրանական բեռնատարների մուտքը, որպեսզի Իրանին հնարավորություն չտա տեղեկանալու, թե Ադրբեջանն այս երկրի դեմ ուղղված ինչ գործընթացներ է ծավալել բռնազավթած տարածքներում:

Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի փակումով ոչ միայն վտանգվում են Հայաստանի հետ Իրանի 400 մլն դոլար առեւտրաշրջանառության ծավալները, այլեւ լրջորեն խափանվում են Եվրասիական տնտեսական միության հետ այդ երկրի կապը եւ փոխգործակցությունը, քանի որ վերջինիս հետ Իրանի միակ ցամաքային ուղին անցնում է Հայաստանով: Այստեղ Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային տրանսպորտային կապի ապահովումն օրախնդիր է դառնում: Կառավարության նիստերից մեկում ՀՀ վարչապետը հանձնարարեց մինչեւ տարեվերջ ավարտել Տաթեւով անցնող այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Բայց անհրաժեշտ է, որ այն առավելագույնս հարմարեցվի խոշոր, երկար քարշակներով բեռնատարների տեղաշարժի համար, որը ներկայիս գործող գրունտային ճանապարհը չի ապահովում: Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ադրբեջանցիների ազատ տեղաշարժի պահանջի հարցում, բնականաբար, հայկական կողմից զիջումներ չեն կարող լինել այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկրներ են, որոնց միջեւ գործում են միջպետական հաղորդակցության մաքսային կարգավորումները: Այստեղ, թերեւս, Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ քննարկման առարկա կարող է դառնալ միայն մաքսատուրքերի չափերի հարցը: Իսկ պաշտոնական Բաքվի՝ այլեւս հակաիրանյան կեցվածքն ավելորդ անգամ կարեւորում է Իրանի հետ հայկական պետությունների ռազմաքաղաքական հարաբերությունների սերտացման աքսիոմատիկ հրամայականի իրագործումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: