Ադրբեջանը 3 անգամ խախտել է հրադադարը՝ ուղղորդվել է այլ դերակատարի` Թուրքիայի կողմից․ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կարծիքով` Ադրբեջանն անկարող է պատասխանատու և հետևողական լինել հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ իր համաձայնության իրականացմանը: Այս մասին Մնացականյանն ասաց նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Երեք անգամ երեք համանախագահ երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու մեջ, երեք անգամ Հայաստանը լրջագույնս ապահովել է դրա համաձայնությունը, և երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը: Հավանաբար, Ադրբեջանը նաև ուղղորդվել է այլ դերակատարի` Թուրքիայի կողմից: Մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանն անկարող է լինել պատասխանատու և հետևողական իր համաձայնության իրականացման գործում»,- ասաց Մնացականյանը:
ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել զինադադարի հասնելու ուղղությամբ:
«Կարևոր հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթը: Այդ առումով նույնպես այսօր աշխատանքներ տարվում են, մեզ անհրաժեշտ է դրան հասնել»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:



