Ադրբեջանն ու Հայաստանը որոշել են փակել պատերազմի էջը. Ալիև
Ադրբեջանն ու Հայաստանը որոշում են կայացրել փակել պատերազմի էջը։ Այս մասին Դավասում Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա, մասնավորապես, ասել է.«Ես ուզում եմ բացարձակապես անկեղծ լինել։ Մենք կարող էինք շարունակել, բայց դա կհանգեցներ անվերջ պատերազմների, ավելի մեծ տառապանքների և նոր զոհերի։ Այդ դեպքում պատերազմը երբեք չէր ավարտվի։ Եվ ինչ-որ մեկը պետք է կանգնեցներ այն։ Մենք որոշում կայացրինք դադարեցնել։
Այո, դա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համատեղ որոշումն էր՝ փակել այս էջը և օգտվել խաղաղության հնարավորությունից:
Սա, հավանաբար, այն եզակի դեպքերից է, երբ երեք տասնամյակ տևած պատերազմից հետո կողմերին հաջողվել է իրական խաղաղության հասնել»
Ըստ Ալիևի՝ պատմական նվաճում էր, որ երկու երկրներն օգոստոսին խաղաղության համաձայնագիր ստորագրեցին՝ վերջ դնելով ավելի քան երեսուն տարի տևած պատերազմին և արյունահեղությանը։
«Այս խաղաղության համաձայնագրի յուրահատկությունն այն է, որ այն ստորագրվել է վերջին արյունալի բախումից երկու տարի անց։ Սա ցույց է տալիս, որ եթե երկու կողմերն էլ ունեն ուժեղ քաղաքական կամք և խաղաղության նկատմամբ նվիրվածություն, հաշտեցումը հնարավոր է համեմատաբար կարճ ժամանակում։ Այժմ ստորագրված համաձայնագիրը գործնական արդյունքներ է տալիս»,-նշել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը որպես անկախ երկրներ երբեք խաղաղության մեջ չեն եղել։
«Մենք հինգ կամ վեց ամիս պարզապես խաղաղության մեջ չենք ապրում, մենք վայելում ենք այն։ Երբ մենք անկախություն ձեռք բերեցինք 1991 թվականին, մենք արդեն ռազմական բախման մեջ էինք։ Սակայն այսօր խաղաղության պտուղները դրսևորվում են համագործակցության մեջ։ Մասնավորապես՝ ռազմավարական առումով կարևոր բեռներ, այդ թվում՝ նավթամթերք, Ադրբեջանից տեղափոխվում են Հայաստան։ Սա ինքնին հանգեցնում է գների անկման։ Ընդամենը երկու կամ երեք տարի առաջ սա լիովին անհնար կլիներ, բայց այսօր դա արդեն իրականություն է։ Եվ ես կարծում եմ, որ ոչինչ չի կարող խոչընդոտել այս գործընթացին»,-ասել է նա:


