Ադրբեջանն ու Հայաստանը հաստատում են՝ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի
Ինչպես արդեն հայտնել ենք՝ քիչ առաջ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը:
Մասնավորապես, ըստ տեքստի ՀՈԴՎԱԾ I-ի՝
Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։
Իսկ ըստ ՀՈԴՎԱԾ II-ի՝ ամբողջությամբ համապատասխանելով հոդված I-ին՝ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի:
Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը և աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս Կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։
ՀՈԴՎԱԾ III-ով արձանագրվում է, որ կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Նրանք որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։
Համաձայնագիրն ամբողջությամբ՝ այստեղ:


